AM
8 Հոկտեմբեր 2025 - 14:10 AMT

Կաթողիկոսն ու Արցախի պետական այրերը քննարկել են տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Պատվիրակությունը գլխավորել են Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը և Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղահանված արցախահայության առջև ծառացած հիմնական խնդիրները, նրանց իրավունքների պաշտպանության և դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերի հնարավորությունները։

Քննարկման առանցքում եղել են նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերն ու հոգեխնամ աշխատանքները՝ արցախցիների նոր բնակության վայրերում։

Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին շարունակելու է հետևողականորեն նպաստել հայրենազրկվածների բարեկեցությանն ու իրավունքների պաշտպանությանը։

Զրուցակիցները կարևորել են միջազգային հարթակներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու պատանդառվածների ազատ արձակման, անհետ կորածների որոնման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության նպատակով։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։