AM
8 Հոկտեմբեր 2025 - 15:04 AMT

ՆԳՆ․ 10 անձ ձերբակալվել է, մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ և իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաև` ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք և թմրամիջոց։

Տեղեկությունն իրացվել է հոկտեմբերի 3-ին` Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ: Ժամը 18-ին Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել են 32-ամյա տղամարդն ու նրա ընկերները` իրենց վարած չորս ավտոմեքենաներով:

Մի քանիսը փորձել են դիմել փախուստի, ինչը կանխվել է: 10 անձ ձերբակալվել է և «Մերսեդես», «ԲՄՎ» ու երկու «Պոռշ» մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Ձերբակալվածներից մեկի` 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է յոթ փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ՝ գաղտնի փականով դանակ, նման մի դանակ և կոկաինով երկու փաթեթ էլ հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու խուզարկությամբ:

Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք ու կնիքվել: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: