Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները 4-րդ հանրապետության հռչակմամբ փորձում են ազատվել բացասական զարգացումներից, որոնք ձևավորվել են հենց իրենց իշխանության անգործության կամ գործողությունների հետևանքով, հայտնում է Sputnik Արմենիան։
Հարությունյանն ընդգծել է, որ պետք չէ բացառել, որ այդ կերպ ձևավորվող «Չորրորդ հանրապետությունը փաստացի կարող է վերածվել «Արևմտյան Ադրբեջանի»։
«Ուզում են ձերբազատվել նրանից, որ մենք այլևս չունենք Արցախ, ձերբազատվել նրանից, որ մեզանում կան բավականին լուրջ խաթարված ինստիտուցիոնալ խնդիրներ։ SMS-ով կարելի է դատական համակարգի ղեկավարին պաշտոնից հեռացնել։ Ինչ անուն էլ դնեն, սա որևէ հանրապետության կոնցեպտի մեջ չի կարող տեղավորվել»,- ասել է Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ իշխող ուժի առաջ քաշած մոտեցումը չափազանց վտանգավոր է։
«Մենք սրանով Ադրբեջանի տարածքային նկրտումների ջրաղացին ջուր ենք լցնում։ Սա ակնհայտ է։ Պատմությունը չի ներելու մեզ, մեր ապագա սերունդներն էլ չեն ների»,- ընդգծել է նախկին պաշտոնյան։
Հարությունյանն իր խոսքում շեշտել է, որ փաստացի 4-րդ հանրապետությունը սկսել է ձևավորվել այն ժամանակ, երբ Հայաստանը անցում է կատարել կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի։ Նա հավելել է, որ ՀՀԿ-ն չի նախաձեռնել նման փոփոխություն, քանի որ այն ժամանակ գործող 3-րդ հանրապետությունն ունեցել է կայացման անհրաժեշտ ուղի։
«Այսինքն՝ նոր հանրապետությունը հռչակվում է, երբ փոխվում է պետական կառավարման համակարգի փիլիսոփայությունը»,- ասել է Հարությունյանը։
Նախկին վարչապետը նաև շեշտել է, որ ներկայիս իշխանությունների առաջարկած 4-րդ հանրապետության գաղափարը իրականում չի ներառում իշխանության ճյուղերի հստակ տարանջատում և լիարժեք ինքնուրույն գործունեություն։
Նրա համոզմամբ՝ թեև ներկայում խոսվում է սպասվելիք սահմանադրական փոփոխությունների մասին, սակայն առայսօր որևէ հստակ պատկերացում չի ձևավորվել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Հարությունյանը ենթադրել է, որ իշխանությունը կարող է Չորրորդ հանրապետության անվան տակ առաջ մղել նոր Սահմանադրություն, որտեղ հնարավոր է չներգրվի հղում Անկախության հռչակագրին՝ փաստաթուղթ, որում ամրագրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման դրույթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին՝ երկրի Անկախության տոնի նախաշեմին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում արտահայտել է իր ցանկությունը՝ ձևավորելու Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Վարչապետը նշել է, որ ներկայիս պետությունը ձևավորվել է հակամարտության տրամաբանությամբ, մինչդեռ նոր հանրապետությունը պետք է կառուցվի խաղաղության տրամաբանությամբ։






