AM
9 Հոկտեմբեր 2025 - 06:33 AMT

ՀՀ դեսպանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը անդրադարձել են TRIPP–ի իրագործմանը

ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ, քննարկել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, մասնավորապես ՀՀ-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրերի և TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը։

Էլիսոն Հուքերը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հաստատման օրակարգին, հայտնում է դեսպանությունը։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։