Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է քննադատություններին, որոնք վերաբերում են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Մայր Աթոռ կատարած այցին, ինչպես նաև այդ շրջանակում հոգևորականների հետ հանդիպման փաստին։
«Մայր Տաճարը բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ ԱԺ նախագահի համար: Մայր Տաճար կարող կարող են այցելել ինչպես Հայ Եկեղեցու հետևորդներ, այնպես և այլակրոն ու այլադավան զբոսաշրջիկներ»,- ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը, հայտնում է News.am-ը։
Նա միաժամանակ շեշտել է, որ «ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ, դիմավորում կազմակերպված չի եղել»:
«Ավելին՝ նկարահանումն անգամ կատարվել է Մայր Տաճարում տեսագրության համար սահմանված կարգի շրջանցումով, ինչը խիստ անընդունելի է: Տաճարում պետք է աղոթել, ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ»,- ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջարկում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրենին հաջորդ անգամ «երկու, երեք կամ անհրաժեշտության դեպքում նույնիսկ յոթ անգամ մտածել խոսելուց առաջ»։
«Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` Մայր Տաճար այցելելությունը։ Այդ մեկնաբանությունը կարելի էր նորմալ համարել, եթե վերջում նա չխոսեր եկեղեցու ներսում նկարահանման վերաբերյալ իբր շրջանցված կարգի, տաճարում աղոթելու և ինչ-որ կազմակերպված ցուցադրական տեսարանների մասին․․․Սկսել հանրային քննարկում ցուցադրական տեսարանների և Մայր աթոռում շրջանցված կարգերի վերաբերյալ հաստատ չի բխում իր շահերից»,-գրել է նա։
Ալեն Սիմոնյանն այցելել է Մայր աթոռ Սբ Էջմիածին, լուսանկարվել քաղաքացիների հետ։Նա ինսթագրամի սթորի բաժնում լուսանկար ու տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է այցելում եկեղեցի, մոմ վառում, բարևում ու լուսանկարվում այցելուների հետ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը, ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






