Գյումրու քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ լուրջ մտահոգություններ կան այն մասին, որ Վարդան Ղուկասյանի դեմ իրականացվող ճնշումների ֆոնին ստեղծվում են արհեստական հիմքեր նրա որդուն կալանավորելու համար։
«Սպարտակ Ղուկասյանի պաշտպանության խումբը հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ երկրի առաջին դեմքի գլխավորությամբ իրականացվող ճնշումների շրջանակում, նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ վերջինիս որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու համար։ Մասնավորապես՝ փորձ է արվում ոչ իրական հիմքեր ստեղծել, թե իբր վերջինս խախտել է իր նկատմամբ գործող՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները»,–ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպանները վստահեցրել են, որ Սպարտակ Ղուկասյանն երբեք չի խախտել իր նկատմամբ կիրառված տնային կալանքի պայմանները։
Նրանք ընդգծել են, որ ՀՀ պրոբացիայի ծառայությունն էլ արձանագրել է՝ նրա վարքագծի վերահսկողության նպատակով կիրառվող էլեկտրոնային սարքերի աշխատանքի ընթացքում բնակության վայրում հաճախակի կապի կորուստ է արձանագրվել։
«Հենց այս հանգամանքն էլ, հավանաբար, փորձ կարվի ներկայացնել որպես խափանման միջոցի խախտման հիմնավորում:
Որպես ճնշման միջոց, որդեգրվել է նաև այնպիսի անընդունելի վարքագիծ, ինչպիսին հանդիսանում է ոստիկանության կողմից առավոտյան վաղ ժամերին, առերույթ կեղծ հիմքերով, Սպարտակ Ղուկասյանի ընտանիքին անհանգստացնելը, տուն ներխուժելու փորձերը:
Սպարտակ Ղուկասյանի պաշտպանական խումբն իր մտահոգությունն է հայտնում իրավական գործիքակազմի՝ այսչափ քաղաքականացված ու ապօրինի կիրառման գործելաոճի առումով, և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ մնալ օրենքի և օրինականության տիրությում»,-ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են փաստաբաններ Արամայիս Հայրապետյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը և Զարուհի Փոստանջյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։






