ՌԴ կողմից հետախուզման մեջ գտնվող Վրաստանի 29-ամյա քաղաքացի Գիորգի Կինոիանին, 36 օր կալանքի տակ պահվելուց հետո, ազատ է արձակվել, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
«Այս պայքարն անսովոր էր, անսովոր այնքանով, որ Կինոիանին լինելով Վրաստանի Հանրապետության քաղաքացի, հետախուզվում էր ոչ ժողովրդավար Ռուսաստանի Դաշնության կողմից՝ «Դոնեցկի ժողովրդավար Հանրապետություն» ինքնահռչակ միավորման դատարանի դատավճռի հիման վրա։
36 օր անազատության մեջ մնալուց հետո, Գիորգի Կինոիանին ազատ արձակվեց՝ չվերադարձելիության սկզբունքի կիրառման արդյունքում:
Այս անսովոր պայքարը հնարավոր դարձավ ՀՔԱՎ-ի իրավապաշտպան թիմի և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևողական աշխատանքի շնորհիվ»,–ասվում է հայտարարության մեջ։
Գիորգի Կինոիանին սեպտեմբերի 3-ին ձերբակալվել էր հայ-վրացական սահմանին՝ ԱՊՀ Քիշնևի կոնվենցիայի հիմքով, իսկ սեպտեմբերի 6-ին դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ 40 օրով կալանավորվել։ Կինոիանիին Ռուսաստանը հետախուզում է վարձկանության մեղադրանքով։
Հայաստանում ձերբակալվել է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռված և Ռուսաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Վրաստանի ևս մեկ քաղաքացի: Վանո Սաբաշվիլին ձերբակալվել է սեպտեմբերի սկզբին Վրաստանից Հայաստան մուտք գործելիս, իսկ ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Նա նախկինում դատապարտվել էր ԴԺՀ դատարանի կողմից ուկրաինական կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար և հեռակա կարգով դատապարտվել ազատազրկման։ Հայաստանի գլխավոր դատախազությունն այժմ որոշում է կայացնում նրա արտահանձնման վերաբերյալ։






