AM
9 Հոկտեմբեր 2025 - 09:55 AMT

Ըստ թուրք հնագետների՝ Արտանուջում հայտնաբերվել է վրաց թագավոր Աշոտ Կյուրոպաղատի դամբարանը

Թուրք հնագետները հայտարարել են, որ Արտանուջ ամրոցում (Գևերնիկ) հայտնաբերվել է վրաց թագավոր Աշոտ Կյուրոպաղատի դամբարանը:

Վանի Յուզյունջու Յըլ համալսարանի և Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարության համատեղ հնագիտական թիմը Արտանուջի ամրացված հատվածում՝ Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցու ավերակների տակ, հայտնաբերել է գերեզման, որը, ըստ իրենց նախնական եզրահանգումների, կարող է պատկանել Կյուրոպաղատին, հայտնում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը։

Գործակալության մասնագետները հայտարարել են, որ նույնականացման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, գրում է Apsby.ge-ն։

Վրաստանի համապատասխան գերատեսչությունը ողջունել է թուրք գործընկերների ջանքերը Արտանուջի ամրոցի գիտական ուսումնասիրության ուղղությամբ։

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության ներկայացուցիչները՝ պրոֆեսոր Վախթանգ Ջափարիձեի ղեկավարությամբ, այցելել են հնագիտական տարածք՝ ծանոթանալու թուրք մասնագետների կատարած աշխատանքներին և նորահայտ գտածոներին, այդ թվում՝ ենթադրյալ թագավորական դամբարանին։

«Հաշվի առնելով դամբարանում աճյունի և արձանագրությունների բացակայությունը՝ վրացի հետազոտողները պնդում են, որ այն պատկանում է Աշոտին»,–ասվում է հրապարակման մեջ։

Աշոտ Ա Կյուրոպաղատն ունի հայկական ծագում։ Աշոտը եղել է Տայքի հայ կառավարիչ Ատրներսեհ Ա-ի որդին և հայոց սպարապետ Աշոտի թոռը՝ հայոց Բագրատունիների թագավորական տոհմից։ ։

Աշոտ Ա Կյուրոպաղատը միութենական պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ՝ արաբական տիրապետությունից Վրաստանը ազատելու համար և ընդունել է կյուրոպաղատի տիտղոսը։ Նա Տայքի կյուրոպաղատության մայրաքաղաքն է դարձել իր կողմից ամրացված Արտանուջ (այժմ՝ Արդանուչ) քաղաքը, որը հաջող դիրք էր զբաղեցնում է Մետաքսե մեծ ճանապարհի երկարությամբ։

Աշոտը հաղթական կռիվներ է մղել արաբների դեմ և աստիճանաբար ընդլայնլ իր իշխանությունն ամբողջ Հարավային Վրաստանում։ Աշոտը իր թագավորությանն է միացրել Քվեմո Քարթլին։

Աշոտի թագավորությունը կոչվում էր Տայք–Կղարջքի իշխանություն։ 826 թվականին Աշոտն արաբների դեմ հերթական կռվի ժամանակ դավադրաբար զոհվում է։ Նա զոհ է գնում արաբների կողմից կաշառված վրացիներին, ովքեր ներխուժելով եկեղեցի, սպանում են վրաց թագավորին։ Աշոտ Կյուրոպաղատը դասվում էՎրաց ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին: