AM
9 Հոկտեմբեր 2025 - 10:24 AMT

ԼՂ–ից տեղահանված 19,246 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 12,500 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, տեղեկացնում է Spuntik Արմենիան։

«Հոկտեմբերի 1-ի տվյալով` Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19,246 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 12,564 անձի»,- հայտնեցին գերատեսչությունից։

Ըստ պաշտոնական տվյալների՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է շնորհվել նաև 6778 անչափահասի՝ այն հիմքով, որ նրանց ծնողները ստացել են ՀՀ քաղաքացիություն։

Ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացիություն է տրվել մոտ 20 հազար արցախցու, ներառյալ երեխաներին։

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հիշեցրել է՝ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված անձանց համար քաղաքացիություն ստանալու գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով։ Նրա տեղեկացմամբ՝ եթե սովորաբար քաղաքացիություն ստանալը տևում է առնվազն 90 օր, ապա ԼՂ բնակիչների դեպքում այդ ժամկետը չի անցնում 2 ամսից։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ։