AM
9 Հոկտեմբեր 2025 - 11:10 AMT

Էջմիածնի նախկին փոխքաղաքապետը մեղադրվում է փողերի լվացման մեջ. Նախաքննությունն ավարտվել է

Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Քաղաքապետի տեղակալի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նշվում է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ, Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերը և պետական սեփականություն հանդիսացող 3363 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի Կ. Գ.-ի հետ փոխկապակցված անձինը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մեկ այլ անձի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրինականացրել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը։

Ըստ նախաքննության՝ Կ. Գ.-ն, հանդիսանալով նշված անշարժ գույքի օտարման գործընթացում աճուրդային հանձնաժողովի նախագահ, նպատակ ունենալով գույքը դարձնել իր հետ փոխկապակցված Ն. Ա.-ի սեփականությունը, հանձնաժողովի մյուս անդամների հետ միասին կազմակերպել է ձևական աճուրդ՝ խախտելով իրավական պահանջները։ Այդ աճուրդի «հաղթողը» եղել է մեկ այլ փոխկապակցված անձ, ով, տեղյակ լինելով աճուրդի ցուցադրական բնույթին, իր ստորագրությամբ աջակցել է կեղծ արձանագրության կազմմանը։

Հետագայում, գույքը բաժանվել է չորս մասի, և կրկին իրականացվել են ձևական աճուրդներ, որտեղ հաղթող ճանաչվել է նույն փոխկապակցված անձը։ Էջմիածնի քաղաքապետը հաստատել է այդ կեղծ արձանագրությունները և հանձնարարել կնքել առուվաճառքի պայմանագրեր։ Արդյունքում, գույքը գրանցվել է նշված անձի անունով, սակայն փաստացի այն տնօրինել է Ն. Ա.-ն։

Այս ապօրինի գործողությունների հետևանքով՝ համայնքին պատկանող գույքը օտարվել է շուկայականից զգալիորեն ցածր՝ 17,215,142 դրամ ընդհանուր արժեքով։

Հանցավոր գործողությունների համար Կ. Գ.-ի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Նույն հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել նաև Ն. Ա.-ին, ինչպես նաև Կ. Գ.-ին օժանդակած մյուս անձին։

Քրեական գործով նախաքննությունն ավարտված է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունն հաստատելու ու դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը սահմանված կարգով չի ապացուցվել և դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի ճանաչվել մեղավոր։