AM
9 Հոկտեմբեր 2025 - 11:18 AMT

Կոստանյան. Հույս և վստահություն ունենք, որ խաղաղության գործընթացը դրական ընթացք կունենա

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը վերահաստատել է, որ ՀՀ–ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել և այն վավերացնել:

Նա նաև ասել է, որ հայկական կողմը հույս և վստահություն ունի, որ խաղաղության գործընթացը դրական ընթացք կունենա, հայտնում է Արմենպրեսը։

Փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև ընդդիմադիրների այն պնդումներին, թե Հայաստանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով որևէ օգուտ չի ստացել:

«Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն՝ խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու, և սկսվել է այդ գործընթացը։ Մենք նաև ստացել ենք հնարավորություն՝ ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր տարածաշրջանում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։