AM
9 Հոկտեմբեր 2025 - 11:32 AMT

Կոստանյան․ ՀՀ տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա և չի կարող լինել

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում «Զանգեզուրի միջանցք» անվանումով որևէ նախաձեռնություն, այդ թվում՝ ենթակառուցվածքային կամ հաղորդակցային ծրագիր, չկա և չի կարող լինել:

«Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասել է նախարարի տեղակալը, հայտնում է 1lurer.am-ը։

Կոստանյանը հավելել է նաև, որ նման հարցերն ու դրանց շուրջ ձևավորվող մոտեցումները քննարկվում են հնարավորության դեպքում՝ բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից։

Նա ընդգծել է, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը։

Նույն հարցի շուրջ նա խոսել է նաև ԵԽԽՎ–ում՝ ասելով․ եթե պարզվի, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, [ապա] որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից: Դա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է»,- ասել է նա։