Վահագն Արսենյանը, ով հոկտեմբերի 9-ին նշանակվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած վերջին հայտարարագրի (2024թ.): համաձայն ունի բնակարաններ Երևանի կենտրոնում և ԱՄԷ-ում, թանկարժեք ժամացույցներ, 1․5 միլիոն դոլար կանխիկ, հանգստի համար ծախսված ավելի քան 170 միլիոն դրամ, հայտնում է Factor.am-ը։
Միայն 2024 թվականին արձանագրել է 888 միլիոն 372 հազար դրամ եկամուտ։
Արսենյանը 24 անշարժ գույքի է տիրապետում, բոլորին էլ միանձնյա։ Նախորդ տարի Արսենյանը ևս 2 բնակարան է ձեռք բերել Երևանում՝ 33 միլիոն և 190 միլիոն դրամ արժողությամբ՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունից։ Բացի այդ, Երևանում գտնվող 2 անշարժ գույք էլ օտարել է Արմեն Ծատուրյանին (ավտոկայանատեղի, բնակարան)։ Ավտոկայանատեղին վաճառվել է 27 միլիոն 510 հազար դրամով, իսկ բնակարանը՝ 393 միլիոն դրամով։
Ջերմուկում ձեռք բերված գույքերից 6-ը Արսենյանը գնել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար դառնալուց 1 օր առաջ։
2024-ի վերջում համայնքապետն ունեցել է հետևյալ անշարժ գույքերը․ 8 բնակարան (6-ը՝ ԱՄԷ-ում, 2-ը՝ Երևանում), 9 հողամաս (Ջերմուկ), 3 ավտոկայանատեղի (Երևան), 3 հասարակական նշանակության շինություն (Ջերմուկ), 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք (ԱՄԷ-ում)։
Վահագն Արսենյանը 2024-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին օտարել է 2022 թվականին թողարկված 2 ավտոմեքենա՝ Rolls-Royce (185 միլիոն դրամ) և Toyota (85 միլիոն 800 հազար դրամ): Պաշտոնյաները հայտարարագրում են նաև տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոց, կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն։
Արսենյանը նման 3 մեքենա է հայտարարագրել․ 2024 թվականին թողարկված 2 Toyota և 2023-ին թողարկված Hozon:
Նա նաև 4 ընկերություններում բաժնեմասեր և բաժնետոմս ունի։ Բաժնետոմսը նվիրատվություն է ստացել իր հորից՝ Աշոտ Արսենյանից։
Նորանշանակ մարզպետի հայրը 1996 թվականին, ինչպես նաև 1999թ. և 2002թ. ընտրվել է Ջերմուկի քաղաքապետ։ 2003թ.-ին Արսենյանը ընտրվել է որպես Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, վերընտրվել 2007-ին։ 2018-ին հայտնի դարձավ, որ նա լքել է ՀՀԿ-ն։
1993 թվականից «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրենն է։ 3 հանձնված և վերադարձված փոխառություններ են հայտարարագրվել։ 30 միլիոն դրամ Արսենյանը հանձնել է կնոջը՝ Մերի Արսենյանին, 50 հազար դոլար՝ «Տեխնոման» ՍՊԸ-ին։ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից վերցրել է 247 միլիոն 211 հազար դրամի փոխառություն, որից 190 միլիոնը վերադարձրել է։
Մարզպետը նաև թանկարժեք գույք է հայտարարագրել, որոնք նվիրատվություն է ստացել 2023-ին՝ Jacob & Co և Patek Philippe։ Այս իրերի արժեքները հայտարարագրում չեն նշվում։
2024-ի սեպտեմբերին 6 միլիոն 500 հազար դրամով Արսենյանը SAKO որսորդական ակոսափող հրացան է գնել։ Նախորդ տարվա վերջին միայն մեկ բանկային հաշվում է գումար եղել՝ 6076 դրամ, սակայն կանխիկ դրամի դեպքում թվերը այսքան համեստ չեն։






