AM
9 Հոկտեմբեր 2025 - 12:33 AMT

Ակցիա կառավարության մոտ․ Ոչ ոքի թույլ չենք տա Արցախի հարցը կասկածի տակ դնել

«Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյանը ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ Արցախի հարցը չպետք է կասկածի տակ դրվի։

«Ներկա իշխանությունը հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, արցախցիներին վտանգ չի սպառնում, ցեղասպանություն չի սպառնում, մենք իրավունք չունենք արցախցիների փոխարեն որոշում կայացնել… Բայց տեսեք ինչ է կատարվում. հա՛մ արցախցիների տեղը որոշեցին, հա՛մ արցախցիներին հանձնեցին, հա՛մ Արցախը հանձնեցին։ Ոչ մեկի, ոչ մի շան որդու թույլ չենք տա Արցախի հարցը, Արցախի վերադարձի հարցը կասկածի տակ դնի»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Իսրայելյանն ընդգծել է, որ առաջիկա ընտրությունների ընթացքում որոշ ուժեր փորձելու են շահարկել Արցախի թեման՝ իշխանության հասնելու նպատակով։

Ակցիայի ժամանակ նա կոչ է արել հանրությանը չհրաժարվել պայքարից, չհավատալ կեղծ խաղաղության խոստումներին և չվաճառվել փողի դիմաց։

«Առանց արցախահայության վերադարձի ոչ մի հարցում հաղթանակ չի լինի։ Բոլորին կոչ եմ անում, հորդորում եմ՝ մի՛ թաքնվեք, փողով մի՛ վաճառվեք։ Հայ լինելու և ապրելու համար պետք է ազգովի պայքար մղենք։ Երեկ Արցախն եք կորցրել ու այսօր Սյունիքի մասին եք խոսում։ Արցախը չկորցնեիք՝ Սյունիքի հարց չէր լինի։ Գնում, խոնարհվում եք զոհվածների առաջ, ո՞ւմ է պետք, ինչի՞ համար եք խոնարհվում, որ դուք, ողջ լինելով, չեք շարունակում իրենց գործը, իսկ այսօրվա իշխանությունն առիթավորվում է դրանից»,- ասել է Իսրայելյանը։

Նրա հորաքրոջ որդին՝ Ռաշիդ Բեգլարյանը, Բաքվում պահվող այն 23 հայերից մեկն է, որոնք ձերբակալվել են և դատապարտվել կեղծ մեղադրանքներով։ Ռաշիդ Բեգլարյանն անցյալ տարի դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ գերիներին խոշտանգելու և ապօրինի զինված խմբավորումներին մասնակցելու անհիմն մեղադրանքներով։

Ցույցի մասնակից Սուրեն Շաբոյանն ընդգծել է, որ արցախցիների պայքարը դադար չունի և բնորոշ է ամբողջ հայ ժողովրդին՝ ընդգծելով նաև, որ խաղաղություն կարող է ապահովել միայն ուժեղ կողմը։

«Դուք չգիտեք՝ կարոտն ինչ է։ Մենք՝ արցախցիներս, այն ցավը, որ ապրել ենք, չեմ ցանկանա, որ հայ ժողովուրդը նորից այդ ցավն ապրի։ Պայքարը հենց այնպես չէ, այլ մայրական կաթով է ներծծվել մեր երակներում։ Հին ու նոր իշխանություն իմ համար գոյություն չունի, ով եղել է կաշառակեր, պետք է նստի։ Հասկացեք՝ խաղաղություն բերում են հզորները, ոչ թե տկարները։ Ով էլ գա, դժվար է լինելու, որովհետև թուրքին ես եմ ճանաչում. իրենք քեզ հետ ուրիշ բան են ասում ու մեջքիդ խփում»,- ասել է նա։

Ցուցարարները նշել են, որ, թեև գիտակցում են՝ իշխանությունները կարող են անտեսել այսօրվա բողոքը, այնուամենայնիվ պայքարը շարունակելու են՝ Արցախի հարցն օրակարգից չիջեցնելու նպատակով։

«Չիմանան, թե մոռացվեց ու գնաց, որովհետև այս ընթացքում ամեն օր նոր իրադարձություն է տեղի ունենում, ու նախորդ օրվա եղածը մոռացվում է։ Պետք է իմանան, որ սա բաց վերք է, և այն արյունահոսելու է։ Մեր ապագան Արցախի ու Հայաստանի միասնության մեջ է»,- ասել է ակցիայի մեկ այլ մասնակից։

Ցույցին ներկաները նշել են, որ իրենք չեն մերժում խաղաղությունը, սակայն իշխանությունների առաջարկած խաղաղությունն իրենց պատկերացրածից տարբերվում է։

Նրանք համոզված են, որ ծնկաչոք խաղաղություն չի կարող կայունություն ապահովել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ընթացքում պատասխանել է պատգամավորների հարցերին՝ նշելով, որ Արցախ փախստականների վերադարձն ինքը իրատեսական չի համարում։