ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում «Համաշխարհային դարպասներ» երկրորդ միջազգային համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Հարավային Կովկասի տարածաշրջանը թե քաղաքական, թե լոգիստիկ տեսանկյունից պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը հայտնի է նաև որպես «TRIPP» ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչև էներգետիկա։
Հետևաբար, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ և կարգավորող դաշտի փոխգործունակությունը և կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես՝ «Համաշխարհային դարպասներին», Սևծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին, Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին և այլոց»,–ասել է վարչապետը։
Նա խորհրդանշական է համարել, որ «Համաշխարհային դարպասներ» խորագիրը կրող առաջին համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրեց նորաստեղծ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Արևելք-արևմուտք և Հյուսիս-հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու տեսլականով։
«Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք լիարժեքորեն հասկանում ենք ներառական և արդար կապակցվածության բոլոր դրսևորումների առավելությունները, քանի որ կապակցվածության բացակայությունը երկար ժամանակ լուրջ խոչընդոտ է եղել Հայաստանի զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման ճանապարհին։
Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում, մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ամբողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ, նախագահ Թրամփի աջակցությամբ, Հայաստանը և Ադրբեջանը, ի թիվս այլ հարցերի, համաձայնության եկան տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։ Ավելին, Հայաստանը և ԱՄՆ-ն, երկուստեք որոշվելիք երրորդ կողմերի հետ համատեղ, կիրականացնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում և դրանից անդին կապակցվածության ամրապնդման վրա՝ ամբողջովին համահունչ լինելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականին»,–ասել է Փաշինյանը։
Համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Անգոլայի նախագահ Ժուաո Մանուել Գոնսալվիշ Լորենսուի, Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ:






