AM
9 Հոկտեմբեր 2025 - 13:16 AMT

Հասմիկ Պողոսյանից հօգուտ պետության կբռնագանձվի մոտ 25 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը նոր քննության արդյունքում վճռել է բավարարել գլխավոր դատախազության ներկայացրած հայցը մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի դեմ՝ պարտավորեցնելով նրան փոխհատուցել պետությանը հասցված ֆինանսական վնասը: Նրանից հոգուտ պետության մոտ 25 միլիոն դրամ կբռնագանձվի:

«Վճռաբեկ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշումը՝ գործն ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Դատախազությունից ընդգծել են, որ ըստ փաստական հանգամանքների՝ նշված գումարային վնասը ձևավորվել է Հասմիկ Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև 2007 և 2008 թվականներին Քոբայրավանք վանական համալիրում իրականացվելիք վերականգնողական աշխատանքների համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով։

Դատարանն իր որոշման մեջ հիմնավոր է ճանաչել դատախազության ներկայացրած փաստարկները՝ կապված Հասմիկ Պողոսյանի՝ երկու պայմանագրերի համատեքստում ապօրինի վարքագծի առկայության հետ, ինչի հիման վրա էլ հայցը բավարարվել է։

Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարար է եղել 2006-ից մինչև 2016 թվականը։Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: