ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում իր դիտարկումներն է ներկայացրել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ։ Նա նշել է, որ շատ ավելի հարցեր են ծնվում իշխանությանը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ըստ նրա՝ իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքները, իր բոլոր հիմնավորումներով ու փաստարկներով, «քանի որ մաս չդարձավ իշխանական շոուին»։
«Երեկ ամբողջ օրն Ազգային ժողովի գաղտնի բաժնում առիթ ունեցա ծանոթանալու 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին։
Թեև հանձնաժողովի նախագահն արդեն հրապարկային, իր հայեցողությամբ բացահայտում է իշխանությունների քիմքին հաճո զեկույցի որոշ դրվագներ, ձեռնպահ կմնամ նույնն անել, քանի որ նաև օրենքով սահմանված կարգով արգելք կա նման գործողությունների հարցում։
Բայց առաջին իսկ ծանոթացումից հետո կուզեմ արձանագրել՝
Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքները, մեր բոլոր հիմնավորումներով ու փաստարկներով, քանի որ մաս չդարձանք իշխանական շոուին, որի անփառունակ տապալման վկայությունն են օրենքի պահանջների խախտմամբ հանձնաժողովի ժամկետների ակնհայտ խախտումները և ԱԺ լիագումար նիստ չբերելը։
Տարօրինակ ու խոսուն է, որ արդեն ամբողջացած զեկույցի տակ չտեսա քննիչ հանձնաժողովի անդամ անգամ մի շարք ՔՊ-ական պատգամավորների ստորագրություններ։
Չեմ կարող բացել փակագծերը, բայց առաջին իսկ ծանոթացումից հետո փաստեմ՝
որքան էլ այս քննիչ հանձնաժողովը ձևավորվեց 44-օրյա պատերազմի հետ կապված հանրության, քաղաքակական ամենալայն շրջանակների կողմից անդադար հնչեցվող հարցերին պատասխաններ տալուց խուսափելու և պատերազմի ընթացքում իշխանությունների ու Փաշինյանի գործողությունները սրբագրելու համար, բայց դա անհնար էր ու անզեն աչքով նկատելի է զեկույցին ծանոթանալուց հետո։
Շատ ավելի հարցեր են ծնվում իշխանությանը, անձամբ Փաշինյանին ուղղված կադրային սխալ քաղաքականության, խայտառակ նշանակումների, բանակի հետ կապված ոչ համակողմանի վերլուծության արդյունքում ռազմավարական որոշումների կայացման հարցերով։
Փորձերը, թե «խեղճ հարիֆն» ինչ աներ, խաբել են, որևէ քննադատության չի դիմանում և զեկույցի բազում եզրակացություններ, դրույթներ փաստում են, որ գործ ենք ունեցել ապաշնորհ, եթե չասեմ՝ նպատակամղված գործողություններ կատարող մեկի հետ, որի որոշումներից շատերը ճակատագրական հետևանք են ունեցել պատերազմի դառը ելքի վրա։
Զեկույցին ծանոթանալուց հետո բազում հարցերս, հարցադրումներս այս օրերին դառնալու են ՀՀ գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, ԱԱԾ-ին, ՀՀ Ոստիկանությանը ուղարկվելիք պատգամավորական հարցումներ, որոնց արդյունքների մասին անպայման տեղյակ կպահեմ հանրությանը։
Ահա մի քանի դիտարկում, որ արել եմ առաջին ծանոթացումից հետո։ Դեռ առիթ ունենալու ենք այս հարցերի շուրջ առանց փակագծեր բացելու խոսել։
Ի դեպ, աշխատանքային ժամի ավարտին, երբ առաջին պատգամավորը լինելով, որ ծանոթացա զեկույցին ու ավարտեցի վերջին՝ 2015-րդ էջը, ակամայից հիշեցի հայտնի խոսքը՝ «հանցագործության բացահայտման արդյունքում ամենակարևորը ինքդ քո վրա դուրս չգալն է»։ Կարծես նույն վիճակն էր»,- նշել է Մանուկյանը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է ԱԺ արխիվ։ Այդ մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում:
Ավելի վաղ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստերի ժամանակ քննարկելու հարցի շուրջ բուռն քննարկում էր սկսվել Ալեն Սիմոնյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Մինչ այս Քոչարյանը վճռական էր տրամադրված, որ զեկույցը քննարկվի լիագումար նիստի ժամանակ և չէր ընդունում Սիմոնյանի այն պարզաբանումը, թե զեկույցը ԱԺ նախագահին ուղարկվել է ժամկետների խախտմամբ։






