AM
9 Հոկտեմբեր 2025 - 14:07 AMT

Աբրահամյան․ Ղուկասյանի նկատմամբ ճնշումները բանտում շարունակվում են

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր կորուստներ կրած Արսեն Ղուկասյանը, ում եղբայրը զոհվել է, իսկ եղբոր որդին մինչ օրս անհետ կորած է համարվում, ոչ միայն կալանավորվել է, այլև բանտում շարունակում է ճնշումների ենթարկվել։

«Այս ճնշումն առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ նրան անազատության մեջ պահում են բազմաթիվ հիվանդությունների պայմաններում, ինչը, ըստ էության, կարելի է դիտարկել որպես խոշտանգում:

Երկրորդ, նրան այցելելու հնարավորությունը խիստ սահմանափակ է և, օրինակ, պատգամավորները տեսակցելու ու նրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու հնարավորություն չունեն։

5 տարի մարդկանց «ֆռցրել» են, իրենց հարազատների հետ կապված որևէ տեղեկատվություն չեն տվել, քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չեն հանրայնացրել, քննչականը «դեռ աշխատում է», իսկ մարդկանց պարզապես խելագարության են հասցրել:

Ու քննիչների, դատախազների, դատավորների, քաղաքական պատասխանատուների բանտում հայտնվելու փոխարեն այնտեղ են հայտնվում արդարություն փնտրող քաղաքացիները»,-ասվում է գրառման մեջ։

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտարարել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։

Հոկտեմբերի 6-ին հաղորդվել էր, որ ձերբակալվել են անհետ կորած զինծառայողների հարազատներից Ապիջան Սարգսյանը և Արսեն Ղուկասյանը։ Հետագայում հայտնի է դարձել, որ Սարգսյանը ազատ է արձակվել, իսկ Ղուկասյանը մնացել է կալանքի տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորել է։