Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի 30 հասցեներում խուզարկությունների արդյունքում մեկ քաղաքացի ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է Factor.am-ը։
«Սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք տներում կատարվել են քննչական գործողություններ»,- հայտնում են իրավապահ կառուցից։
Factor TV-ի տեղեկություններով՝ ձերբակալված քաղաքացու մոտ հայտնաբերվել է զենք։
ՆԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ վերջին սպանություններով պայմանավորված Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։
«Մեր տեղեկություններով՝ այս խուզարկությունները կապ չունեն Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության հետ։ Ըստ տեղեկությունների՝ քննչական այս գործողություններն իրականացվել են մեկ այլ սպանության նախապատրաստության ահազանգի հիման վրա»,–ասվում է հրապարակման մեջ։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։






