AM
9 Հոկտեմբեր 2025 - 14:25 AMT

Թաթոյանը հավակնում է վարչապետի պաշտոնին

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ազդարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Թաթոյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում հաղթանակի ակնկալիքով և առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։ Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ինձ հարցնում էին` ինչո՞ւ չեմ զբաղվում քաղաքականությամբ, ահա եկավ ժամանակը, ու դա անխուսափելի դարձավ։ Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքերը, այդ թվում՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահաղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։ «Միասնության թևեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք»,- ասել է Թաթոյանը։

Թաթոյանը հայտնել է, որ իր ղեկավարած ուժը դեռևս չի քննարկում արցախցիների վերադարձի հարցը, սակայն հղում է արել միջազգային իրավունքի նորմերին։

«Ունենք 120 հազարից ավելի հայրենակիցներ, որոնք տեղահանվել են իրենց հայրենիքից։ Նրանք ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք։ Սա ինձանից չեմ հնարում, սա միջազգային սկզբունք է՝ հաստատված, գոյություն ունեցող միջազգային կանոն է։ Մասնավորապես՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի հանձնարարականով հստակ ճանաչել է արցախցիների վերադարձի իրավունքը։ Հատուկ նշել է սկզբունքներ՝ ապահով, կամավոր վերադարձ, կայուն վերադարձ։ Ավելին ասեմ՝ վերադարձի իրավունքն ամրագրված է ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանով, այլև այլ միջազգային փաստաթղթերով»,–ասել է նա։

Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության վարած քաղաքականության և գործող իշխանությունների կոպիտ սխալների հետևանքով հայ ժողովրդի նկատմամբ գործված հանցագործությունները երբեք չեն մոռացվելու։

Թաթոյանը նաև քննադատել է կառավարության մոտեցումը արցախցիների վերադարձի հարցում՝ նշելով, որ այն հավասարեցվել է ադրբեջանցիների՝ Արցախ վերադառնալու խնդրին, ինչը, ըստ նրա, միջազգային դատական որոշումներով անթույլատրելի է։

«Հատուկ ընդգծեմ, որ գոյություն ունեն միջազգային դատական ակտեր, որոնք փակել են այդ հարցն առհասարակ։ Օրինակ՝ 2021 թ. ՄԻԵԴ-ը հստակ արձանագրել է, որ այլևս այդպիսի գանգատներ ներկայացնելը ժամանակավրեպ է։ Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականին արձանագրել է, որ դա այլևս դատարանի քննության հարց չէ։ Եթե սա տեղի ունենա, ապա կլինի քաղաքական լուծումով, քանի որ ադրբեջանցիների՝ Արցախ վերադառնալու իրավական ճանապարհը փակ է»,–ասել է նա։

Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետ կանչման թեմայով Թաթոյանը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում չեն հրաժարվելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք չեն բխում Հայաստանի շահերից։

Նա ընդգծել է․ «Ժամանակին վտանգավոր եմ համարել, և հիմա էլ եմ վտանգավոր համարում։ Դա Հայաստանի ապագայի համար վտանգավոր է։ Հայցերի հետքաշումը շահեկան է միայն Ադրբեջանին, քանի որ հստակ գիտակցում է, որ այդ հայցերի արդյունքում մեծագույն խնդիրներ է ունենալու Հայաստանի դեմ զավթողական ծրագրերն առաջ տանելու հարցում»։

Թաթոյանը անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ պնդելով, որ այն տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիների իրավունքների կոպտագույն խախտումներով:

«Ադբեջանական զինված ուժերը ոչ միայն ՀՀ տարածքում են, այլև մեր քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողերի և տների մեջ են»,-ասել է նա։

ՀՀ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026 թվականի հունիսին։