AM
9 Հոկտեմբեր 2025 - 15:06 AMT

Խաչատրայնը՝ 44–օրյայի զեկույցի մասին․ Ով չի ստորագրել՝ կամ չի հասցրել ստորագրել, կամ չի հասցրել ծանոթանալ, որ ստորագրի

Ոչ բոլոր ՔՊ-ականներն են ստորագրել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի տակ։ Այդ մասին զեկույցին ծանոթանալուց հետո հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Տարօրինակ ու խոսուն է, որ արդեն ամբողջացած զեկույցի տակ չտեսա քննիչ հանձնաժողովի անդամ մի շարք ՔՊ-ական պատգամավորների ստորագրություններ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Այս հանձնաժողովը կազմվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներից։ ՔՊ խմբակցությունից դրա կազմում ընդգրկված են եղել Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, Գագիկ Մելքոնյանը, Վիլեն Գաբրելյանը՝ մինչ մանդատն վայր դնելը, ինչպես նաև Արտյոմ Մեհրաբյանը, ով Գաբրելյանին է փոխարինել, հայտնում է Factor.am-ը։

Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին հարցրել են, թե ՔՊ-ականներից ովքեր են ստորագրել հանձնաժողովի եզրակացությունը։

«Սահմանված ժամկետ է եղել, մինչև ուղարկելը պետք է գնային, ստորագրեին։ Ովքեր չեն ստորագրել՝ կամ չեն հասցրել ստորագրել, կամ չեն հասցրել ծանոթանալ, որ ստորագրեն։ Ես ծայրից ծայր կարդացել եմ, ստորագրել եմ։ Ինձ հետ նույն օրը կարդաց և ստորագրեց Գագիկ Մելքոնյանը։ Մեզանից բացի նաև Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանն են ստորագրել»,-ասել է նա։

ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պարզաբանել է, թե ինչու չի ստորագրել զեկույցը։

«Ես չեմ ստորագրել, քանի որ ինձ հնարավորություն չի ընձեռվել ծանոթանալու զեկույցին։ Դիմել եմ ծանոթանալու համար, ստացել եմ պատասխան, որ սեպտեմբերի 27-ին կհրապարակվի, կծանոթանամ։ Ինչպես կարող եմ ստորագրել մի թուղթ, որի պարունակությունը ծանոթ չեմ»,- ասել է Պողոսյանը։

Հայկ Սարգսյանից պարզաբանում ստանալ չի հաջողվել՝ նա չի արձագանքել զանգերին։

Արմեն Խաչատրյանն այս մասին հավելել է․«Քրիստինե Պողոսյանը երևի չի հասցրել ծանոթանալ, երևի չի հասցրել ստորագրել, որովհետև վերջում ժամանակը քիչ էր, պետք է ուղարկվեր ԱԺ նախագահին, դրա համար գուցե չի հասցրել ստորագրի։ Չեմ կարծում, որ խնդրահարույց է, բայց հիմա էլ կարող են գնալ, ծանոթանալ, բայց չեն կարող ստորագրել։ Եթե ինչ-որ նկատառումներ ունենան, կարող են ասել»,-ասել է նա։

Վերջին շաբաթներին զեկույցի շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվել։ Սկզբում Անդրանիկ Քոչարյանը հրապարակել է լուսանկար զեկույցը ձեռքին՝ նշելով, որ այն ուղարկվում է ԱԺ նախագահին՝ լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելու նպատակով։ Այնուհետև Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ զեկույցը իրեն է փոխանցվել սահմանված ժամկետները խախտելով։ Արդյունքում փաստաթուղթը չի ներառվել ԱԺ լիագումար նիստի օրակարգում և այժմ պահվում է Ազգային ժողովի արխիվում։