Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի տեսակցությունների արգելքը վերացվել է։ Այդ մասին հայտնել է պաշտպան Հովհաննես Խուդոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Պաշտպանի խոսքով՝ ևս մեկ բողոք էր ներկայացվել կալանքը վերացնելու վերաբերյալ, որը մերժվել է։
«Ես վերաքննիչ բողոք էի ներկայացրել Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքն ամբողջովին վերացնելու վերաբերյալ, իսկ փաստաբան Արամ Օրբելյանը՝ կալանքն ամբողջությամբ վերացնելու վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանից մեզ բանավոր հայտնել են, որ պարոն Օրբելյանի ներկայացրած բողոքը մերժվել է, իսկ իմը՝ բավարարվել, ենթադրում եմ՝ ամբողջությամբ»,- հայտնել է Խուդոյանը։
Շարունակված նախնական դատալսումների ժամանակ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել իր վստահորդներ Բագրատ սրբազանի և Հրայր սարկավագի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Խուդոյանը հայտարարեց՝ քաղաքական միջամտության ինտենսիվությունը և անմեղության կանխավարկածի հաճախակի խախտումներն այս գործով արդեն բացառում են երբևէ արդար դատական ակտի կայացումը։
Նրա խոսքով՝ նույնիսկ մեղադրյալների արդարացման դատական ակտը չի կարող համարվել արդար, եթե այն կայացվում է երկարատև քննության և ապացույցների հետազոտման արդյունքում։
Նա շեշտել է, որ տեխնիկապես կարող է միջնորդությունը ներկայացնել միայն իր պաշտպանյալների վերաբերյալ, սակայն միջնորդությունը «Սրբազանի պայքարի» գործով անցնող բոլոր 18 մեղադրյալների վրա է տարածվում։
Բագրատ սրբազանին և ևս 18 անձի իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել։ Ըստ ՔԿ–ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։






