AM
10 Հոկտեմբեր 2025 - 06:39 AMT

Մարզպետարան․ Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջն օգտագործվում է որպես հարաբերություններ պարզելու հարթակ

Շիրակի մարզպետի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում վերջին օրերին տարածված և քննարկումների առիթ դարձած հրապարակումներին։

Ըստ մարզպետարանի՝ «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ» ֆեյսբուքյան էջն օգտագործվում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ:

Նշվում է, որ «պետական մարմինները, այդ թվում և Գյումրու համայնքապետարանը պարտավոր են պաշտոնական կայքում, այդ թվում և սոցիալական պաշտոնական հարթակներում հրապարակել իրենց գործունեության մասին տեղեկատվություն, տեղեկատվությունը պետք է լինի արդիական, հավաստի, ամբողջական և անվճար»:

«Պետական մարմինները սահմանում են պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվության բովանդակությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1521-Ն որոշմանը համապատասխան:

Այնինչ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայքում մարմնի գործունեության մասին տեղեկատվության չթարմացմանն ու անհրաժեշտ այլ տեղեկությունների հրապարակման հապաղմանը զուգընթաց, համայնքապետարանը «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ» ֆեյսբուքյան էջն օգտագործում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ, ինչն ինքնին անհարգալից վերաբերմունք է գյումրեցիների նկատմամբ, ովքեր ակնկալում են համայնքապետարանի էջում տեսնել արված աշխատանքի մասին տեղեկատվություն։

Պետական մարմնի կողմից մշակվող և հանրային քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և դրանց հիմնավորումների, պետական մարմնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների, զեկույցների և այլ տեղեկատվական հոդվածների, այցելությունների ու խնդիրների լուծման մասին հրապարակումների փոխարեն, Գյումրու համայնքապետարանը ֆեյսբուքյան էջն օգտագործում է պետական պաշտոնյաներին վարկաբեկելու, անհարիր մեկնաբանություններ ու որակումներ հրապարակելու նպատակով։

Պետական մարմնի գործունեության ճիշտ լուսաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դատապարտում ենք նման գործելաոճը և հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ հրապարակումներից, իսկ ազատ խոսքի իրավունքն իրացնել անձնական հարթակներում»։

Քաղաքապետարանից պատասխանել են, որ Տեղական ինքնակառավարման մարմինը մարզպետարանի ստորադասը չէ:

«Շիրակի մարզպետի աշխատակազմին, որն ակնհայտորեն ծանր է տարել ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի ամուսնու և ընտանիքի համայնքի շահերին վնասող գործողությունների լուսաբանումը Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում, տեղեկացնում եք`

1․ Տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունների ներքո է գտնվում հակաօրինականությունները հայտնաբերելը, այդ մասին իրազեկելը եւ լուսաբանելը։

2. Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը որևէ մեկի անձնական էջը չէ, ինչը տեսանելի է բոլորին։

3.Շիրակի մարզպետի աշխատակազմը, որը վերածվել է կուսակցական օթևանի՝ իշխող ուժի ներկայացուցիչների համար, թող զբաղվի իր ուղիղ պարտականություններով և չփորձի հիմա էլ տեղեկատվական ստրկատեր դառնալ։

4.Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ծառայում է Գյումրիին, քաղաքապետարանի և ավագանու գործունեությունը հանրությանը ներկայացնելուն։

Եթե Շիրակի մարզպետի աշխատակազմին ցավ է պատճառել Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվող նյութերի բովանդակությունը, ապա անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ՀՀ ՏԻՄ օրենքը, սերտել այն կարգավորումները, որոնք ներառված են օրենքում։

Եվ վերջինը. Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջը բոլոր գյումրեցիների ,Գյումրիի քաղաքապետի, ավագանու բոլոր խմբակցությունների տեղեկատվական հարթակն է։

Իսկ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը պարտավոր է պատասխանել, թե որ իրավական հիմքով է կազմել և տարածել այդ հայտարարությունը, ով է պատվիրատուն և որքան է դա արժեցել»,–ասվում է պատասխան հայտարարության մեջ։