AM
10 Հոկտեմբեր 2025 - 07:02 AMT

ՀՀ դեսպանն ԱՄՆ–ում TRIPP-ին առնչվող քննարկման է մասնակցել

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչների հետ, հայտնումէ ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանը ներկա են եղել տնօրեն Թոմաս Բեքեթը, տրանսատլանտյան կապերի գծով ավագ հետազոտող, դեսպան Մայքլ Քարփենթերը, ինստիտուտի այլ ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում անվտանգության նոր միջավայրի ձևավորմանը և հաղորդակցային ուղիների գործարկման գործընթացին։

Մասնակիցներն անդրադարձել են նաև համատեղ հետազոտությունների և գիտաժողովների հնարավոր կազմակերպմանը՝ մասնավորապես վերլուծելով, թե ինչպես օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները և TRIPP նախաձեռնությունը կարող են էապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական ու տնտեսական ընթացքը։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։