AM
10 Հոկտեմբեր 2025 - 07:27 AMT

Փաշինյանն ու Ռահմոնը խոսել են առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու մասին

Տաջիկստանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցերը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացմանը:

Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: