AM
10 Հոկտեմբեր 2025 - 07:39 AMT

Քաղաքապետարան․ Նուբարաշենի հրդեհի հիմնական օջախը մարվել է

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի հիմնական օջախը մարվել է, միայն փոքր հատված է մնացել։ Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Կեսգիշերից աշխատում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ջրցանները, բեռնատարներով հող է տեղափոխվել, որ ծածկեն տարածքը։ Առաջին պահից նաև փրկարար ծառայությունն է միացել։ Դեռ ծխացող հատվածներ կան, աշխատանքներն ակտիվ ընթանում են»,– հայտնել են քաղաքապետարանից։

Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի լույս 10–ի գիշերը։ Ներկայումս էլ երևանցիները շարունակում են Նուբարաշենի աղբավայրից բարձրացող ծխի խիտ ամպը տեսնել մայրաքաղաքի տարբեր հատվածներից, որը տարածվում է հարակից համայնքների վրա։

Աղբավայրում խոշոր հրդեհ արձանագրված է եղել նաև օգոստոս ամսին։