AM
10 Հոկտեմբեր 2025 - 08:36 AMT

ՀՅԴ-ն «Հաղթանակ» դաշինքով կմասնակցի Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին

ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեն տեղեկացրել է, որ կուսակցությունը մասնակցելու է նոյեմբերի 16-ին անցկացվելիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով։

«Սիրով տեղեկացնում ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով:

«Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը:

Կարևորելով համայն հայության հոգևոր մշակութային կենտրոն հանդիսացող մեր համայնքին զարգացում, արդարություն ու հոգատարություն բերելու հանձնառությունը, գիտակցելով համապետական ընտրություններից առաջ

Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների կարևորությունը, կոչ ենք անում`

Էջմիածնի, Ոսկեհատի սիրելի բնակիչներին` մասնակցել սպասվող ընտրություններին և, իրենց ձայնը վստահելով պատասխանատու ուժերին, կանխել մեր ինքնության դեմ արշավներն ու համայնքի համար բացել զարգացման նոր էջ,

ընդդիմադիր բոլոր ուժերին` գործել հանունի տրամաբանությամբ, բացառել իշխող ուժի հետ նախընտրական կամ հետընտրական որևէ համագործակցություն և ամբողջ ջանքերը ներդնել հաղթանակի կերտման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 6 քաղաքական ուժ՝ Վաղարշապատի ընտրությունների համար օգտահաշիվ ստանալու նպատակով։ ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ասել է, որ այդ ուժերն են «Հայաստանի շնորհապետական», «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները և «Հաղթանակ» դաշինքը:

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կարող են ծանոթանալ իրենց տվյալներին ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնի միջոցով, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստրի և ընտրողների ցուցակների բաժիններում։