Օրեր առաջ Պահպանության ծառայությունն ահազանգել էր հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին։ Դրանցից մեկը Կիրանցի վանքի պատերին թողած գրվածքների տեսքով էր։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության Տավուշի ՊՄՊ աշխատակիցների ջանքերով Կիրանցի վանքի պատերին արված գրառումները մաքրվել են։
Նրանք հնարավորինս խնամքով հեռացրել են գրվածքների մի մասը։ Որոշներն, այնուամենայնիվ, մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են, և խորը շերտով դրանք մաքրելու դեպքում մտավախություն կա վնասել վանքի պատերը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հայտնել էր, որ վերջին շրջանում մեր հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների տարածքում ցավալիորեն հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը: Վնասում կամ ոչնչացնում են հուշարձաններին վերաբերող տեղեկատվական վահանակները, եկեղեցիների պատերին փորագրելով կամ ներկելով թողնում անհասկանալի գրառումներ՝ խաթարելով հուշարձանի տեսքն ու վնաս հասցնելով հուշարձանին:






