AM
10 Հոկտեմբեր 2025 - 13:05 AMT

Կոպիրկին․ Բաքուն և Երևանը պատրաստ են «3+3»-ի նիստ անցկացնել, միայն պետք է որոշել հերթականությունը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կողմ է, որպեսզի մինչև տարեվերջ անցկացվի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպումը։

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում, միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք, բնականաբար, ամեն կերպ օժանդակում ենք դրան», – ասել է դիվանագետը, հայտնում է Sputnik Արմենիան։

Կոպիրկինը նշել է, որ հարթակի բոլոր մասնակիցները՝ այդ թվում Թուրքիան և Իրանը, ձևաչափն արդյունավետ ու պահանջված են համարում։ Նրա խոսքով՝ նման ձևաչափը հնարավորություն է տալիս, որպեսզի հենց տարածաշրջանի երկրները լինեն խնդրի լուծման հիմնական դերակատարները։

«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Իհարկե, երրորդ երկրների մասնակցությունը կարող է արժեքավոր լինել, բայց այն պետք է կառուցվի ըստ իրողությունների և տարածաշրջանային երկրների շահերի», – ասել է դիվանագետը։

Դեսպանը հավելել է, որ թե՛ հայ-ադրբեջանական կարգավորման, թե՛ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակում շոշափվող բազմաթիվ հարցեր առնչվում են նաև այլ հարևան երկրների շահերին։ Այդ պատճառով, ըստ Կոպիրկինի, «3+3» ձևաչափը վերածվում է բնական և օգտակար հարթակի՝ բազմակողմանի երկխոսության համար։

Նա ընդգծել է, որ հարթակը գործնականում ակտիվ է՝ մինչ օրս արդեն կայացել է երեք նախարարական հանդիպում։

Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցությանը, Կոպիրկինը նշել է, որ Թբիլիսին սկզբնական շրջանում ցուցաբերել է հետաքրքրություն և նույնիսկ մասնակցել է ձևաչափի միջոցառումներից մեկին, սակայն հետագայում դուրս է մնացել գործընթացից։ Նա նշել է, որ հարթակի բոլոր մասնակիցները համաձայն են, որ Վրաստանի համար դռները շարունակում են բաց մնալ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հերթական հանդիպումները նախատեսվում է անցկացնել Երևանում և Բաքվում՝ ըստ կողմերի միջև որոշվելիք հերթականության։

«3+3» ձևաչափի նախորդ նիստը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։