AM
10 Հոկտեմբեր 2025 - 13:46 AMT

Սարգսյանը՝ Թաթոյանի հետ կապի մասին․ Մարդիկ կարող են բաժակ նայել ու ենթադրություններ անել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար տարօրինակ է համարել այն հայտարարությունները, թե ինքը ինչ–որ առնչություն ունի ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնության հետ։

«Մարդիկ կարող են բաժակ նայել ու ենթադրություններ անել իմ մասնակցության մասին տարբեր կառույցներում»,– ասել է նա` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Արման Թաթոյանի նորաստեղծ քաղաքական ուժն ասոցացնում են Սարգսյանի հետ, գրում է Sputnik Արմենիան։

Սարգսյանը նաև կարճ անդրադարձել է քաղաքական նոր նախաձեռնություններին։

«Ես բոլոր նոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում»,– հայտարարել է ՀՀ 3–րդ նախագահը։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։