AM
10 Հոկտեմբեր 2025 - 14:03 AMT

Փաստաբան․ Ղուկասյանի վրա կան բռնության հետքեր

44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը հայտնել է, որ վերջինիս վրա բռնության հետքեր են արձանագրվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։

«Արսեն Ղուկասյանի վրա կան բռնության հետքեր։ Դրանք արձանագրվել են ՄԻՊ աշխատակիցների կողմից»,- ասել է Սողոյանը դատախազության դիմաց ակցիայի ժամանակ, հայտնում է Panorama.am-ը։

Արսեն Ղուկասյանը ձերբակալվել է ՊՆ վարչական շենքի մոտ անցկացված ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպից հետո և մեկ ամսով կալանավորվել է՝ «խուլիգանության» մեղադրանքով։

Տաթև Սողոյանի խոսքով՝ դատախազությունն այժմ պետք է անհապաղ կարգով քննության առարկա դարձնի Արսեն Ղուկասյանի առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը։

«Ակնկալիքս մեկն է՝ ինչպիսի անհապաղությամբ կայացնում են կալանավորման որոշումը, նույն արագությամբ քննության առարկա դառնան մեր կողմից ներկայացված առողջության վերաբերյալ անհետաձգելի ստուգումների հաշվի առնելու հանգամանքը ու ազատ արձակեն։ Երբ որ դատախազությանն է պետք, անհապաղ որոշումներ են կայացնում, երբ որ կա կյանքին սպառնացող ռիսկ, դատախազությունը չի շտապում»,- ասել է Սողոյանը։

Նա նշել է, որ դատախազությունը Արսեն Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխության հարցը դիտարկելու համար սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, գրում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետ Վարուժան Ղահրամանյանի հետ և ներկայացրել է Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը՝ խնդրելով անհապաղ փոխել խափանման միջոցը։

«Ես ասացի՝ դատախազությունն ունի ուղղակի լիազորություն հենց այս պահին փոխելու ընտրված խափանման միջոցը, մինչև չլինի դատաբժշկական եզրակացություն։ Ես ասացի՝ առաջին պահից սկսած այդ փաստաթղթերը եղել են քննիչի տրամադրության տակ։ Շատ բարձր մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում «հիվանդության շատ բարձր ռիսկ»։ Ասաց՝ նման պրակտիկա չունենք»,- նշել է Սողոյանը։

Նա հավելել է, որ դատախազությունը համաձայն է գործի քննությունը շարունակել միայն այն դեպքում, եթե եզրակացության մեջ հստակ նշվի, որ Արսեն Ղուկասյանի հիվանդությունները համատեղելի չեն կալանքի հետ։

Սողոյանը ընդգծել է՝ անգամ անհետաձգելի դեպքերում դատաբժշկական եզրակացության տրամադրումը կարող է տևել մինչև մեկ ամիս, ինչը վտանգում է կալանավորի առողջությունը։

Դատախազությունը պաշտպանին առաջարկել է ներկայացնել վերաքննիչ բողոք, սակայն փաստաբանը նշել է, որ դրա քննությունն էլ կարող է օրեր տևել։ Այնուամենյանիվ, այս փուլում Սողոյանը որոշել է օգտագործել բոլոր գործիքները, այդ թվում՝ վերաքննիչ բողոք ներկայացնել։

Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի դիմաց ակցիա էին իրականացնում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները՝ պահանջելով հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի և պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Հանդիպման խոստում տրվել էր, սակայն ժամ չէր հայտարարվել։

Նույն օրը հաղորդվեց, որ ակցիայի մի մասը ուղեկցվել է միջադեպերով։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մասնակիցներից ոմանք շշեր են նետել ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Այս գործողությունների արդյունքում ձերբակալվել էին Ապիջան Սարգսյանը և Արսեն Ղուկասյանը՝ «խուլիգանություն» և «պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտություն» հոդվածներով։ Սարգսյանն ավելի ուշ ազատ է արձակվել, իսկ Արսեն Ղուկասյանը հոկտեմբերի 7-ին մեկ ամսով կալանավորվել է։