AM
10 Հոկտեմբեր 2025 - 14:06 AMT

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկասի երկրներ

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը, որը ներկայումս հանդիսանում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության` ԵԱՀԿ գործող նախագահ, հոկտեմբերի 13-15-ը այցելություն կկատարի Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։

Սա Վալտոնենի առաջին այցն է տարածաշրջան՝ ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակով, հայտնում է Factor.am-ը։

«Հայաստանում և Ադրբեջանում մեր քննարկումը կկենտրոնանա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։ Այս տարի կարևոր քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Ֆինլանդիան աջակցում է երկրների ջանքերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար»,- ասել է Վալտոնենը։

Նրա այցի վրացական հատվածը հիմնականում նվիրված կլինի Ժնևի միջազգային քննարկումներին, որոնք առնչվում են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքներին։ ԵԱՀԿ-ն հանդիսանում է այդ գործընթացի համանախագահներից մեկը։

Վալտոնենը կանդրադառնա նաև Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկա վիճակին՝ ընդգծելով ԵԱՀԿ դերակատարությունը տարածաշրջանում ժողովրդավարության և անվտանգության ամրապնդման հարցերում։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։