AM
10 Հոկտեմբեր 2025 - 14:20 AMT

Civilnet․ 44-օրյայի զեկույցը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի կազմած զեկույցը ստացել է «Հույժ գաղտնի» աստիճան, hաղորդում է CivilNet.am-ը՝ հղում տալով ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պատասխանին։

Հոկտեմբերի 6-ին տրված պարզաբանման համաձայն՝ զեկույցը փոխանցվելու է Ազգային ժողովի առաջին բաժին, որի հիմնական գործառույթներից են պետական և ծառայողական գաղտնի փաստաթղթերի պաշտպանությունն ու ռեժիմի պահպանման վերահսկումը։ Այդ բաժնի վերահսկողության ներքո գտնվող նյութերը հասանելի են միայն այն պատգամավորներին, ովքեր ունեն համապատասխան գաղտնիության թույլտվություն։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախկինում մի քանի անգամ վստահեցրել էր, որ զեկույցը կներկայացվի ԱԺ լիագումար նիստին և դրա որոշ հատվածներ հասանելի կլինեն հանրությանը՝ որպես ոչ գաղտնի տեղեկություն։

Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, քննիչ հանձնաժողովը պարտավոր է իր աշխատանքի արդյունքներով կազմված զեկույցը ներկայացնել ԱԺ նախագահին, և այն պետք է քննարկվի ԱԺ հերթական նիստում՝ մեկ ամսվա ընթացքում։ Սակայն ներկայում այն ուղարկվել է գաղտնի բաժին՝ չներկայացվելով ԱԺ-ի օրակարգում։

Կանոնակարգի 20-րդ հոդվածը նախատեսում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունները կազմում են վեց ամիս և կարող են երկարաձգվել երկու անգամ՝ յուրաքանչյուր անգամ վեց ամսով։ Այս հանձնաժողովը, որը ձևավորվել է 2022 թվականի փետրվարին, շարունակել է գործել՝ երկարաձգում ստանալով 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին։

Լրագրողները վերջին երեք տարիների ընթացքում պարբերաբար բարձրացրել են հարցը՝ ինչու զեկույցը չի ներկայացվում հանրությանը կամ Ազգային ժողովի լիագումար նիստում։ Միայն 2025 թվականի սեպտեմբերի 3-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ այդ օրը զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։

Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի դառնա հրապարակային քննարկման նյութ, քանի դեռ «Հույժ գաղտնի» կարգավիճակը պահպանվում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2023-ին, քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելիս, նշել էր, որ հանրային լավագույն շահը ենթադրում է 44-օրյա պատերազմի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հանրային շարունակական հաղորդակցություն։