AM
10 Հոկտեմբեր 2025 - 14:24 AMT

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը վերացվել է

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում մերժվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երրորդ քրեական գործը երկու արդեն ընթացող գործերին միացնելու միջնորդությունը։

Դատարանի որոշմամբ՝ նրա խափանման միջոց 30 մլն դրամ գրավը մնացել է անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը՝ վերացվել, հայտնում է Factor.am-ը։

Պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդել է խափանման միջոցի քննարկումը անցկացնել դռնփակ, պատճառաբանելով, որ պետք է հրապարակվեն օրենքով պաշտպանվող գաղտնի տվյալներ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ հեռացնելով դահլիճից լրատվամիջոցների և այլ անձանց։ Նիստի ավարտից հետո է միայն հայտնի դարձել որոշումը։

Սերժ Սարգսյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունում։

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, տարբեր պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու տարիներին (2000-2018), ինչպես նաև որպես հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի նախագահ, օժանդակել է Միխայիլ Բաղդասարովին և նրա առևտրային կազմակերպություններին՝ իր պաշտոնեական դիրքը օգտագործելով։

Ըստ դատախազության, Սարգսյանը խոչընդոտները վերացնելու, արտոնություններ ու աջակցություն ցուցաբերելու դիմաց պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի գույք՝ «Աբիտ» ՍՊԸ 22,5% բաժնեմասը, որը հետագայում ձևական գործարքով վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը։