«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման համակարգող խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ հայ հասարակության ուշադրությունը կրկին կենտրոնացնելով Ադրբեջանում կալանավորված հայրենակիցների ճակատագրի վրա, որոնց թվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հայտարարության մեջ շարժումը կոշտ քննադատություն է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշելով, որ վերջինս միջազգային կառույցների վրա ճնշման և կոռուպցիոն մեխանիզմների միջոցով փորձում է օրինականացնել ապօրինությունները։
Շարժման արձագանքը բխում է ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի՝ 2025 թ․ փետրվարի 17-ին հրապարակված թիվ 46/2024 եզրակացությունից, ըստ որի՝ «Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կամայական չէ»։ Շարժման գնահատմամբ՝ այս որոշման հիմքում շահերի բախում կա։
Ըստ «Միասին» շարժման, խմբի ներկայիս նախագահ Հաննա Յուդկիվսկան կապ ունի Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը ներկայացնող ուկրաինացի քաղաքական գործիչների հետ։ Շարժումը պնդում է, որ Յուդկիվսկայի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի պահանջվող անկախության և ինքնաբացարկի սկզբունքները։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Արտաքին գործերի նախարարությունը, արդարադատության նախարարությունը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, իրենց գործողություններով կամ անգործությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել այս հարթությունում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը ապահովելու համար։
Շարժումը քննադատում է ոչ միայն արտաքին դիվանագիտական անգործությունը, այլև իշխանության ներքին քաղաքականությունը՝ ընդգծելով, որ Հայաստանում կան քաղաքացիներ, որոնք կալանավորված են իրենց քաղաքական հայացքների կամ իշխանության դեմ պայքարի համար։
«Մենք գտնում ենք, որ քաղաքական-հասարակական կառույցները, հանրության ակտիվ հատվածը միասնաբար հանդես գալու կարիք ունեն՝ հասնելու ապօրինի կալանված ու դատապարտված մեր հայրենակիցների ազատագրմանը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում»,– ասվում է հայտարարության մեջ։
Այս համատեքստում «Միասին» շարժումը հորդորում է բոլորին մասնակցել հոկտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին, Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կայանալիք բողոքի ակցիային։
«Ժողովրդական միասնությունը կարող է իր հետևողական պայքարով հասնել արդարության հաստատմանը։ Միասին ենք, անպարտելի ենք»,– եզրափակվում է հայտարարությունը։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։






