AM
10 Հոկտեմբեր 2025 - 14:44 AMT

Վարդան Հարությունյանի կալանքը երկարացվել է, պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը՝ նշելով, որ պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը Վերաքննիչ դատարանում, ինչպես նաև դիմել ՄԻԵԴ`Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է «Փաստինֆոն»։

Հարությունյանը կալանավորվել է օգոստոսի 8-ին։ Պաշտպանի փոխանցմամբ՝ իրավապահները որպես կալանքի երկարաձգման հիմք օգտագործել են գործ, որի վարույթը դեռևս 2018 թվականին կարճվել էր։ Սակայն նոր զարգացումների արդյունքում այդ կարճման որոշումը վերացվել է միայն այն բանից հետո, երբ Հարությունյանն արդեն կալանավորված է եղել։

«Իրականում 2018թ․ քննություն է իրականացվել, պարզվել է, որ Վարդան Հարությունյանը որևէ կապ չունի «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ՝ ոչ ստեղծել, ոչ ղեկավարել, ոչ կառավարել է», – նշել է Անդրիկյանը՝ հավելելով, որ նույն կարճված գործի հանգամանքները կրկին օգտագործվել են առանց նոր փաստական հիմքերի։

Նրա խոսքով՝ կալանքի երկարացման հիմքում դրված հիմնավորումները չեն տրամադրում ոչ բավարար ապացույցներ, ոչ էլ խոսում են խոչընդոտման իրական վտանգի մասին։ Այդ պայմաններում, փաստաբանի համոզմամբ, անընդունելի է անձին կալանքի տակ պահելը։

Անդրիկյանը շեշտել է, որ անգամ եթե հետագայում գործը կրկին կարճվի, փաստացի վնասներն արդեն հասցված են․ Հարությունյանի իրավունքները խախտվել են, իսկ ազատությունից զրկումը՝ պահպանվել առանց բավարար իրավական հիմքերի։ Նա չի բացառել, որ քաղաքական նկատառումներ կարող են դեր ունենալ գործի ընթացքում, սակայն այդ մասում մեկնաբանություններից զերծ է մնացել։

Պաշտպանն ընդգծել է, որ գործով մինչ այժմ ոչ մի առերես հարցաքննություն չի իրականացվել, ինչը նշանակում է, որ եթե որևէ մեկի կողմից վկայություններ էլ ներկայացված լինեին Հարությունյանի դեմ, ապա դրանք պետք է ստուգվեին առերեսմամբ, ինչը բացակայում է։

Վարդան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման հոդվածներով։ Մեղադրանքը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, որի հետ նրա կապը 2018 թվականի նախաքննության ընթացքում հերքվել էր։ Սակայն յոթ տարի անց իրավապահները կրկին վերադարձել են նույն հանգամանքներին՝ բացելով նոր վարույթ։

Գործով մեղադրյալներ են նաև ևս երեք անձինք՝ խմբով իրականացված փողերի լվացման, հակամրցակցային գործունեությանը օժանդակելու և մի շարք այլ հանցանքների կատարման մեղադրանքով։