Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն որոշում է կայացրել ազատել Վահե Վարդապետյանին «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից։ Այդ մասին հայտնել են մայրաքաղաքի վարչական մարմնից, գրում է Factor.am-ը։
Վարդապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի փետրվար ամսին։
Ավելի վաղ Ավինյանը հայտարարել է, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական բնույթ չի կրել, այլ դիտավորյալ արարք է եղել։
«Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան: Միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները»,- նշել է նա։
Հոկտեմբերի լույս 10–ի գիշերն աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, Երևանի տարբեր հատվածներից երևում էր բարձրացող ծուխը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ հիմնական օջախը մարվել է։






