AM
11 Հոկտեմբեր 2025 - 08:41 AMT

Ավինյան․ Շնչառական խնդիրներով անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը

Նուբարաշենի աղբավայրում այս պահին կրակ չկա, սակայն հրդեհի օջախները շարունակում են ծխալ։ Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այժմ աղբավայրում ներգրավված է 20 միավոր տեխնիկա, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են։ Քանի որ հրդեհը մեծ ծավալի էր, այժմ բեռնատարներով հողը տանում են աղբավայր, որ ծխացող օջախները ծածկեն, ծուխը վերացնեն»,–ասել են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը:

Նա հավելել է, որ խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով։

«Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։

Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,–գրել է Ավինյանը։

Հրդեհը Նուբարաշենի աղբավայրում սկսվել է հոկտեմբերի 10-ի գիշերը։ Ամբողջ մայրաքաղաքից տեսանելի է եղել այնտեղից բարձրացող խիտ ծուխը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դիտավորություն է՝ շեշտելով, որ հրդեհի հետ առնչություն ունեցողները ենթարկվելու են պատասխանատվության։

Ավինյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։