AM
11 Հոկտեմբեր 2025 - 09:18 AMT

Հայրումյան․ Մասիսից վերև ամպերն են, իսկ ներքևի «մառախուղը»՝ Նուբարաշենի վառվող աղբավայրի ծուխը

Նուբարաշենի աղբավայրում այս պահին կրակ չկա, սակայն հրդեհի օջախները շարունակում են ծխալ, Երևանի մթնոլորտում նկատելիորեն խտացել է ծխի պարունակությունը։

Քաղաքացիական ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Մասիսից վերև ամպերն են, իսկ ներքևի «մառախուղը»՝ Նուբարաշենի վառվող աղբավայրի ծուխը»։

Ըստ նրա՝ հրդեհի կադրերը տեսնելով, պարզ էր, որ դա մի օրում հանգցնելն անհնար է։

«Իմ պատկերացրած նորմալ երկրում պետք է քաղաքապետը երեկվա ելույթում ներողություն խնդրեր ժողովրդից ու ասեր, որ կանենք ամեն ինչ, հնարավորինս շուտ հրդեհը մարելու համար, իսկ ելույթը կշարունակեր առողջապահության նախարարը՝ հորդորելով Երևանի և հարակից շրջանների բնակիչներին լուսամուտները փակ պահել, որևէ դեպքում դրսում սպորտով չզբաղվել, և այլն, և այլն:

Բայց չէ՛, պետք է ասել՝ «հրդեհը մարված է, իսկ ԱԱԾ-ն փնտրում է նախկիններին» ու օդապարիկներ բաց թողնել օդ, ու մարդիկ ծուխը չեն նկատի։ Տպավորությունա, որ էս ելույթները Ֆրանսիայում կամ Ռոստովում ապրող հայերի համար են, իսկ Երևանի բնակիչները ո՛չ շնչում են, ո՛չ էլ ֆեյսբուք են մտնում»,-գրել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ տվիչներից ստացված տվյալներով օդի աղտոտվածության արժեքը կազմել է 105, ինչը դասվում է անառողջ միջակայքում՝ զգայուն խմբերի համար։

Նրա խոսքով՝ մայրաքաղաքի մյուս հատվածներում օդի որակը համեմատաբար բավարար է։

«Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,-նշել է նա։

Քաղաքապետարանից ասել են, որ 2 օրում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։