AM
11 Հոկտեմբեր 2025 - 09:45 AMT

«Հայրենիքի» ցուցակը Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Խաչիկ Մանուկյանը

«Հայրենիք» կուսակցության Գործադիր մարմինը նիստ է անցկացրել, որի ընթացքում կուսակցությունը քննարկել է Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցության հարցը։

Նիստի ընթացքում պաշտոնապես հաստատվել է կուսակցության նախընտրական ցուցակը, որի առաջին համարն է Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանը։

Քննարկվել է նաև թիմի կազմը։ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրել է կուսակցության սկզբունքներն ու մոտեցումները, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի համար նախատեսված ծրագրերն ու անելիքները։

«Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը ծնվել է Էջմիածնում։ Նրա ամբողջ կյանքն ու գործունեությունը կապված են այս քաղաքի հետ։ Տարիների ընթացքում նա վայելել է էջմիածնաբնակ քաղաքացիների սերն ու հարգանքը։ Մտավորական առաջնորդը ցավով է անդրադառնում երկրի ներկայիս սոցիալ-քաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ «օրվա իշխանությունները փորձում են պահել հայ ժողովրդին ստի թմբիրի մեջ՝ արժեզրկելով պատմական, ազգային արժեքներն ու հայի ինքնությունը բնորոշող հիմնասյուները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակի երկրորդ տեղում Արամ Քոչարյանն է, ով կարևորում է Վաղարշապատ համայնքի կայուն զարգացումն ու համայն հայության հոգևոր կենտրոնի կարգավիճակին համարժեք ապրելու հնարավորությունը։

Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 16-ին։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կարող են ծանոթանալ իրենց տվյալներին ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնի միջոցով, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստրի և ընտրողների ցուցակների բաժիններում։