AM
11 Հոկտեմբեր 2025 - 10:47 AMT

Տիրան Խաչատրյանի գործով վաղեմության ժամկետներն ավարտվում են, սակայն նա մտադիր է հասնել արդարացման

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով վաղեմության ժամկետները շուտով լրանալու են, սակայն նա մտադիր է հասնել արդարացման։Այդ մասին տեղեկացրել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Ավելի վաղ հաղորդվել է, որ դատավարությունն այժմ ընթանում է հիմնական փուլում, մասնավորապես՝ վկաների հարցաքննության ձևաչափով։ Վկաներից շատերը զինվորականներ են, որոնց թվում կան և՛ նախկին, և՛ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այդ թվում վկայի կարգավիճակ ունի նաև Օնիկ Գասպարյանը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Խաչատրյանի դեմ առաջադրված մեղադրանքները լիովին փաստազուրկ են։

Փաստաբան Արմեն Անդրիկյանը նշել է, որ հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին։ Մինչ այդ, սակայն, ըստ նրա, վաղեմության ժամկետները կհասնեն իրենց ավարտին, ինչի արդյունքում պաշտպանությանը կառաջարկվի գործը փակել՝ հիմք ընդունելով ժամկետների սպառումը։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է Անդրիկյանը, պաշտպանական կողմը չի պատրաստվում համաձայնել նման մոտեցման հետ և շարունակելու է պայքարը՝ արդարացման հասնելու համար։

2025 թվականի հունվարի 4-ին Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է, այնուհետև՝ կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ ռազմական դրության պայմաններում ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու հիմքով, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Սակայն գեներալ-լեյտենանտը մերժում է մեղադրանքը։ 2025 թվականի մարտի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, որոշել է կալանքը փոխարինել գրավով և խափանման միջոց կիրառել՝ երկրի սահմաններից դուրս գալու արգելքով։