AM
11 Հոկտեմբեր 2025 - 11:08 AMT

Վարդանյան․ Աղբավայրի հրդեհի ֆոնին «Էրեբունի–Երևան» տոնական միջոցառումները պետք է հետաձգվեին

Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, Քրիստինա Վարդանյանը կարծիք է հայտնել, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից հետո ծխացող օջախները կարող են լուրջ վնաս հասցնել մարդկանց առողջությանը, և նման պայմաններում «Էրեբունի–Երևանի» տոնական միջոցառումները պետք է պարզապես հետաձգվեին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հանրային առողջության պաշտպանության տեսանկյունից այսօր պետք է արգելվեին բոլոր միջոցառումները, որովհետև դրսում լինելով մարդիկ ծխահարվելու և թունավորվելու են, ինչը թույլ տալ ուղղակի չի կարելի։ Այսօր առողջապահության նախարարության առաջին դեմքը պետք է ուղերձով դիմեր բնակչությանը, որ մարդիկ տներից դուրս չգային»,–ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ Երևանի քաղաքապետը չի զբաղվում քաղաքի իրական խնդիրներով, ինչի մասին վկայում են նաև նրա հրապարակային հայտարարությունները։ Վարդանյանը քննադատել է Տիգրան Ավինյանի այն պնդումը, թե աղբավայրը դիտավորությամբ է հրդեհվել՝ նկատելով, որ իրավապահ կառույցները չեն սկսել համապատասխան քննություն։

«Այս ամենը սխալ կառավարման հետևանք է։ Հարց է առաջանում` իսկ ինչիո՞ւ նախորդ հրդեհները դիվերսիաներ չէին։ Վերջին 2–3 տարվա ընթացքում նման հաճախականությամբ հրդեհներ աղբավայրում երբեք չեն եղել, ինչը արդեն խոսում է նրա մասին, որ աղբավայրը նորմալ չի կառավարվում»,–ասել է Վարդանյանը։

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի հայտարարությանը՝ ըստ որի քաղաքապետարանը մշակել է կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթ և առաջիկայում կանցկացվի մրցույթի առաջին փուլը, որի արդյունքում Նուբարաշենի աղբավայրի էջը «ընդմիշտ կփակվի», Վարդանյանը այս հայտարարությանը վերաբերվել է թերահավատորեն։

Նրա խոսքով՝ արդեն մոտ 25 տարի քաղաքապետարանից պարբերաբար հնչում են նմանատիպ խոստումներ։ Նա հիշեցրել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հայտարարությունները, թե հաջորդ տարի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարելու ու լուծելու է Նուբարաշենի աղբավայրի հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվում։։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը հայտնել է, որ Նուբարաշենի հրդեհով պայմանավորված` սահմանել են հերթապահություն, սակայն հնարավոր ծխահարության դեպքերով կանչ չեն ստացել։

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղի կանանց, ինչպես նաև շնչառական և սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց առողջության վրա։

Ի՞նչ խնդիրներ է առաջացնում աղտոտված օդը

  • Շնչառական դժվարություններ՝ այդ թվում խորը շնչելու անհարմարություն, հազ, շնչահեղձություն։
  • Սրտանոթային հիվանդությունների սրացում։
  • Աչքերի գրգռվածություն, արցունքահոսություն։
  • Գլխացավեր, ընդհանուր հոգնածություն։
  • Երեխաների շրջանում՝ բրոնխիտի և ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։

Ինչպե՞ս պաշտպանվել օդի աղտոտվածությունից

  • Մնալ փակ տարածքում։
  • Բարձր աղտոտվածության ժամանակ փակել դռներն ու պատուհանները։
  • Քաղաքներում և խիտ երթևեկության գոտիներում գտնվելիս օգտագործել պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։
  • Խուսափել դրսում ֆիզիկական ակտիվությունից՝ մարզումներից, երկարատև քայլքերից կամ երեխաների բացօթյա խաղերից։
  • Հետևել օդի որակին՝ օգտվելով պաշտոնական աղբյուրներից և մոբայլ հավելվածներից։
  • Հատուկ ուշադրություն դարձնել խոցելի խմբերին՝ տարեցներին, երեխաներին, հղի կանանց և քրոնիկ հիվանդություններով անձանց։

Հրդեհը Նուբարաշենի աղբավայրում սկսվել է հոկտեմբերի 10-ի գիշերը։ Ամբողջ մայրաքաղաքից տեսանելի է եղել այնտեղից բարձրացող խիտ ծուխը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դիտավորություն է՝ շեշտելով, որ հրդեհի հետ առնչություն ունեցողները ենթարկվելու են պատասխանատվության։

Ավինյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։