AM
11 Հոկտեմբեր 2025 - 12:10 AMT

Աբրահամյան․ Պատերազմի որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ, կալանված են նահատակվածների ծնողները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատերազմի որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ, բայց անազատության մեջ են նահատակվածների ծնողներն ու հարազատները։

«44-օրյա պատերազմից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ:

Սակայն անազատության մեջ են նույն այդ պատերազմում նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները, որոնց պայքարն այս տարիներին պատերազմի հանգամանքների բացահայտման և որդիների ճակատագրի հստակեցման ուղղությամբ է:

Արսեն Ղուկասյանն, ով առողջական լրջագույն խնդիրներ ունի, բանտում է, իսկ դատախազությունը, որը կարող էր այդ չարաբաստիկ որոշումը փոխեր, չարեց:

Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը տնային կալանքի ռեժիմում եմ:

Սա է այս իշխանության դեմքն ու պատկերը»,– գրել է պատգամավորը։

44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը հայտնել է, որ վերջինիս վրա բռնության հետքեր են արձանագրվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։

Արսեն Ղուկասյանը ձերբակալվել է ՊՆ վարչական շենքի մոտ անցկացված ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպից հետո և մեկ ամսով կալանավորվել է՝ «խուլիգանության» մեղադրանքով։