AM
11 Հոկտեմբեր 2025 - 12:11 AMT

Կարապետյան. «Մեր ձևով» շարժման կամավորների թիվը հասել է 5000-ի

«Մեր ձևով» շարժման համակարգող, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ շարժումն արդեն ունի կայացած թիմ և գրանցած արդյունքներ։

«Արդեն ունենք համալրված թիմ ու արդյունքներ։ Մեկ ու կես ամսվվա ընթացքում «Մեր ձևով» շարժմանը միացել է 5000 կամավոր»,–հայտարարել է նա նախաձեռնության առաջին հաշվետու ժողովում, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ ամեն օր հարյուրավոր մարդիկ կապ են հաստատում ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ համացանցի միջոցով՝ պատրաստակամություն հայտնելով միանալ շարժման գործին և աջակցել երկրում փոփոխությունների իրականացմանը։

Կարապետյանը նշել է, որ նման տեմպով շարունակվելու դեպքում առաջիկա ամիսներին շարժման անդամների թիվը կարող է հասնել տասնյակ հազարների, ինչը ըստ նրա, «մեծ մերան» կդառնա՝ հանրային կյանքի մեջ անշրջելի փոփոխություններ կատարելու համար։

«Թիմը երիտասարդ է, և հաճախ մեզ հարցնում են, ի՞նչն է պատճառը, որ մարդիկ միանում են մեզ։ Ես կարող եմ ասել, որ պատճառը Սամվել Կարապետյանն է, նրա անունը, այն վստահությունը, որ նա շարունակելու է չգցել հայ ազգի անունը, պահպանել մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած կոպեկին։ Նրա գաղափարներով, ծրագրերով մենք Հայաստանը գոնե տարածաշրջանում դարձնելու ենք օրինակելի երկիր»,–ասել է Կարապետյանը։

Շարժման առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ուղերձում, որը կարդացել է փաստաբան Արամ Վարդևանյանը, ասվում է, որ «Մեր ձևով» շարժումն ունի հասարակական լայն հենարան ձևավորելու և Հայաստանի քաղաքական համակարգում լուրջ փոփոխություններ բերելու ներուժ։

«Արդեն ակնհայտ է, որ մեր շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Դա բոլորիս ձեռքբերումն է և պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը»,– նշել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել շարժմանը միացած անձանց։

«Թող որևէ մեկը չկասկածի. չե՛նք նահանջելու, կանգ չե՛նք առնելու, ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք աշխարհի ամենալավ, ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը, անելու ենք «Մեր ձևով»»,– եզրափակել է նա։

«Տաշիր գրուպ»-ի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը օգոստոսի 29-ին հայտարարել է «Մեր ձևով» կամավորական շարժման ձևավորման մասին՝ նշելով, որ Սամվել Կարապետյանը կլինի դրա գաղափարական առաջնորդը։

Հիշեցնենք, հունիսի 17-ին նրա բնակարանում խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ Կարապետյանը բացահայտորեն պաշտպանել է Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումները՝ քննադատելով որոշ շրջանակների գործողությունները։ Հունիսի 18-ին նա կալանավորվել է 2 ամսով, և օգոստոսի 15-ին դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, երկարաձգել է կալանքի ժամկետը ևս 2 ամսով։