«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն դիտարկմանը, որ թեև նախկինում հայտարարվել էր, որ չեն համագործակցելու ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ուժերի հետ, սակայն կան տեղեկություններ, որ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ ակտիվ բանակցում են «Մեր ձևով» շարժմանը միանալու համար։
Կարապետյանը նշել է, թե իրենք հայտարարել էին՝ թվարկված ուժերի հետ նախընտրական որևէ միավորման չգնալու մասին, բայց չեն ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ չեն գնա, հայտնում է «Փաստինֆոն»։
«Ձեր նշած իրավիճակն այս պահին չկա, մենք պատրաստ ենք շատ ուժերի, թիմերի հետ աշխատել, գնալ առաջ և պրոֆեսիոնալներին ներգրավվել մեր թիմ»։
Կարապետյանը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կհրապարակվի այն ժամանակ, երբ նախաձեռնությունը հանդես գա որպես քաղաքական ուժ։
«Վարչապետի թեկնածուն կներկայացվի քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ, վստահեցնում ենք՝ թեկնածուն կլինի ընդունելի և շատերը կհավանեն»,– ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։






