Տեր Արամ քահանա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարել է իր հերթական նիստը, որին չեն մասնակցել նա և Տեր Տարոն քահանա Հունանյանը։
«Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական հայտարարություն տարածեց, որով համոզում է լսարանին, որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը ինձ ժողովի է հրավիրել և ես չեմ ներկայացել, ինչի պատճառով ժողովը չի իրականացել։ Այստեղ պետք է ասել, որ ժողովն արդեն մի քանի օր է փակ դռների ետևում իրականացնում ենպատրաստելով փաթեթներ իմ և քահանա եղբայրներիս դեմ։
Բայց փորձեմ հակիրճ անդրադառնալ հայտարարությանը.
Հանձնախմբի քարտուղարի կողմից բանավոր, ապա իմ պահանջով նաև գրավոր հրավեր եմ ստացել, որին պատասխանել եմ գրավոր` խնդրելով ներկայացնել ժողովին հրավիրելու նպատակը։ Երեք անգամ գրավոր կերպով խնդրել և ակնկալել եմ պատասխան, սակայն և ոչ մի արձագանք, որովհետև արդարության և ճշմարտության կշեռքը գտնվում է ոչ ճիշտ ձեռքերում, իսկ «խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առաջ» (Առակաց գիրք)։
Ինչ ես եմ խոսել, ասել եմ բաց, ուղիղ, հանրային և «ծածուկ ոչինչ չեմ ասել» (Հովհաննես 18.20), իսկ արձագանքը կուլիսային է, ֆեյքերով և ծպտված, միշտ ծուղակային։ Ծածուկ, գաղտագողի ու հանկարծակի գործելաոճը որդեգրվում է ընդդեմ հերթական զոհի։ Բայց Աստված ասում է, որ ամեն ծածուկ բան պիտի բացահայտվի (Ղուկաս 8.17) և արդեն իսկ բացահայտ է…
Վերջում տեղադրում եմ Հանձնախմբի և իմ նամակագրությունը` ապավինելով բոլորիդ արդարամտությանը։
հ.գ.
Սիրով պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի՝ բաց և թափանցիկության ապահովման պայմաններում։
Քանի որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգն այլևս պատրաստակամ կերպով պատասխանում է լրագրողների հարցերին, կոչ եմ անում բոլոր լրագրողներին Ձեզ և հանրությանը հետաքրքրող և շուրջ 30 տարի անարձագանք թողնված բոլոր հարցերն ուղղեք Ձեր էջերում նշելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին»,– գրել է Տեր Արամ քահանա Ասատրյանը։
Ավելի վաղ Արամ քահանան Հանրայինի եթերում ասել էր, թե 2021թ–ին ընդդիմության կազմակերպած բոլոր հանրահավաքներին մասնակցել է ստիպողաբար։ Նա Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրել էր իրեն հալածելու մեջ։ Ըստ Արամ քահանայի` պատճառը քաղաքական է. իրեն կասկածում են «փաշինյանական լինելու մեջ»։
Արագածոտնի թեմը հայտարարել էր, որ Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր օգտագործել հոգևորականին իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և Հայ առաքելական սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար:






