AM
13 Հոկտեմբեր 2025 - 06:32 AMT

ՀՀ–ում գրանցվել է «Օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը ոչ պաշտոնապես անվանվում է «ստրատուս», այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարությունից հաղորդել են, որ ներկայումս երկրում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է կայուն։ Միևնույն ժամանակ, «Օմիկրոն» XBB.1.5 ենթատեսակը, որը հայտնի է որպես «Կրակեն», շարունակում է շրջանառվել հանրապետությունում՝ սկսած 2023 թվականից։

Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա այստեղ ևս ակտիվություն չի արձանագրվել, սակայն հայտնաբերվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչներ։

«Ստրատուսը» բնորոշվում է բարձր վարակելիությամբ և արագ տարածմամբ աշխարհում, սակայն նախորդ տարբերակների համեմատությամբ՝ առայժմ չի առաջացրել հիվանդության ավելի ծանր ընթացք։ Այդ իսկ պատճառով ներկայումս հանրային առողջության վրա դրա ազդեցությունը գնահատվում է որպես ցածր ռիսկային։

SARS-CoV-2 XFG նոր տարբերակը, որը ճանաչված է «Ստրատուս» անունով, առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում՝ 2025 թվականի հունվարի 27-ին։ 2025-ի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»-ը ընդգրկել է «հսկողության ներքո» համարվող կորոնավիրուսային տեսակների ցանկում։ Այս դասակարգման նպատակը մասնագետների կողմից դրա տարածման և հնարավոր բարդությունների դիտարկումն է։