Հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել երեխայի գլխին։ Օրեր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար։
Վեց օր ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում գտնվելուց հետո 6-ամյա երեխան մահացել է, հայտնում է Factor.am-ը։
Արդեն քանդել և հողին են հավասարեցրել ամբողջ խաղահրապարակը, կառուսելներն էլ տարվել են անհայտ ուղղությամբ։
Շենքի բնակիչների խոսքով, կառուսելները մոտ 20-30 տարի չեն ենթարկվել ոչ վերանորոգման, ոչ էլ տեխնիկական զննման։ Բյուրեղավանի համայնքապետարանից FactorTV-ին հավաստիացրել են, որ այդ կոնստրուկցիաները տեղաշարժվել են 13-15 տարեկան դեռահասների կողմից, այնուհետև դրվել են նոր փոսի վրա։
Մեր ճշգրտող հարցին, թե ինչպե՞ս կարող էին այդ տարիքի երեխաները տեղաշարժել մետաղյա այդպիսի ծանր կառույցներ, մամուլի խոսնակ Մերի Կարապետյանը կրկնել է իր պատասխանը՝ ընդգծելով, որ նման միջադեպը փաստել են շենքի բնակիչները և լիազորը։
Այն հարցին՝ ինչու է ապամոնտաժվել խաղահրապարակը, Կարապետյանը սկզբում նշել է, որ ծրագիր է եղել՝ նոր խաղահրապարակ կառուցելու համար, սակայն ավելի ուշ հետզանգի ժամանակ պնդել է, թե ոստիկանությունն է դեպքի հաջորդ օրը ապամոնտաժել տարածքը։
«Ոստիկանությունն ապամոնտաժելու որևէ գործառույթ և իրավասություն չունի։ Պարզապես այս դեպքից հետո ոստիկանությունը հորդորել է համայնքապետարանին հետագա դեպքերը բացառելու ուղղությամբ խաղահրապարակում բարեկարգում իրականացնել»,- տեղեկացրել են ՆԳՆ լրատվական բաժնից։
Դեպքի առնչությամբ իրավապահները սկսել են քրեական վարույթ՝ հիմք ընդունելով այն հոդվածը, որը վերաբերում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքի կամ ապրանքի շրջանառությանը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը, ինչը անզգուշությամբ դարձել է մահվան, առողջությանը ծանր վնասի կամ այլ լուրջ հետևանքի պատճառ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են քննչական և վարութային գործողություններ։






