AM
13 Հոկտեմբեր 2025 - 07:35 AMT

Փրկարար ծառայություն․ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել է, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։

Նշվում է, որ հոկտեմբերի 12-ին ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեհաշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4 հեկտար տարածքում։

Հրդեհաշիջման գործողություններում ՆԳՆ փրկարարներն արդյունավետ համագործակցություն են ունեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ։

Տեղում գործընթացը համակարգել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Կրակի տարածման կանխարգելման նպատակով օգտագործվել է մոտավորապես 1400 տոննա ջուր, ինչպես նաև իրականացվել է մոտ 900 երթ հողալցում։

Բաց կրակի օջախներ չեն մնացել, իսկ ծխի քանակը նկատելիորեն նվազել է։

Աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին»։

Չնայած մեկուսացմանը՝ հրդեհաշիջման աշխատանքներն ընթանում են նույն ակտիվությամբ։

Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախօրեին հայտարարել էր, որ աղբավայրում բռնկված հրդեհը դիտավորություն է։ Նա ասել էր, որ ինքը խոսել է ԱԱԾ տնօրենի, ՆԳ նախարարի հետ, երաշխավորել է, որ հրդեհի հետ կապ ունեցող ցանկացած մեկը կենթարկվի պատասխանատվության, այս դեպքը չի կարող մնալ անպատասխան։ Ավինյանը նաև հայտնել էր՝ միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի ու ելքի ռեժիմները։