AM
13 Հոկտեմբեր 2025 - 07:47 AMT

Փարաքարցիները պահանջում են, որ Ախտոյանների ընտանիքը հեռանա համայնքից․ Ստորագրահավաք է կազմակերպվել

Փարաքար խոշորացված համայնքի սպանված ղեկավար Վալոդյա Գրիգորյանի աջակիցները հանդես են եկել պահանջով, որպեսզի նրա սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը լքի համայնքը, հայտնում է Aravot.am-ը։

Ակցիայի մասնակիցները հենց Վալոդյա Գրիգորյանի տան առջև կառավարությանն ուղղված ստորագրահավաք հանրագիր են կազմակերպել: Մասնակիցները խնդրում են, որպեսզի «լարվածությունը թոթափելու համար, ինչպես նաև ելնելով բնակիչների հասարակական կյանքի պահպանումից, դադարեցվի Մհեր Ախտոյանի և նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բնակավայրերում»:

«Թողեք Փարաքար համայնքը ապրի: Մի խանգարեք մեզ: Այստեղ մարդիկ լավ բաներ են ուզում անել: Լավ մարդկանց էլ մի տարեք մեր կողքից։ Հասկացողը՝ կհասկանա: Օնիկ Հախվերդյանն էլ լավ մարդ է, ունի այն սկզբունքները, որն ուներ Վալոդյա Գրիգորյանը: Մենք սատարում ենք իրեն ու ցանկացած պահին կանգնած ենք իր կողքը: Փարաքար համայնքից հեռու մնացեք»,-կոչ է արել Փարաքար խոշորացված համայնքի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աջակիցներից մեկը՝ չտալով կոնկրետ անուններ։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք իր կարծիքով այս սպանությունն վրեժխնդրության նպատակ է ունեցել, բնակիչն արտահայտել է իր տեսակետը։

«Իմ կարծիքով ոչ: Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ խոսքի իրավունք, ես էլ իմ կարծիքն եմ հայտնում: Իմ կարծիքով այստեղ վենդետա չկա: Դրդապատճա՞ռը: Երեւի չեն ուզում համայնքում լավ լինի: Լավ մարդն այս կյանքում, ոնց հասկացա, տեղ չունի: Պարոն Գրիգորյանը թշնամի կարող էր ունենալ միայն նրա համար, որ լավ բան էր անում: Թե լավ բան անելով թշնամի են ձեռք բերում, մնացածը չեմ կարող ասել»,–ասել է նա։

Անդրադառնալով համայնքում առկա լարված մթնոլորտին՝ խոսելով ոստիկանության ներկայության մասին՝ քաղաքացին նշել է. «Լարվածությունը նրանում է, որ իմ կարծիքով արդար քննություն չի գնում: Ավելի մանրամասն՝ երկու հոգի չէր կարող նման ոճրագործություն կատարել: Կխնդրեի պատկան մարմիններին ավելի խորացված, ավելի խորացված հետեւեն սրանց»։

2022 թվականի մեկօրյա պատերազմի մասնակիցներից մեկը, հանդես գալով բողոքով, իրավիճակը համեմատել է վարակիչ երևույթի հետ․ «Պետք է հասնենք իրականությանը, որպեսզի այս գյուղի խոչընդոտը վերացնենք: Սա վիրուս է գյուղի մեջ»։

Նույն անձը նշել է, որ ինքը չի հավատում արդար գործընթացին՝ խոսելով Արսեն Ղուկասյանի ձերբակալման մասին, ով 44-օրյա պատերազմի անհետ կորած զինվորի հարազատն է։

«Ոչ, այս իշխանությունից լավ բան մի սպասեք՝ վատը միայն: Գրիգորյանին անձամբ ճանաչել եմ: Մարդ տեսակ էր: Եթե ուզում էիք ճանաչել մարդ, իրեն պետք է ճանաչեիք, շփվեիք: Վալոդյա Գրիգորյանի սպանությունը պատվեր էր: Ամենավատ խոսքերն այսօրվա իշխանություններին: Հենց Նիկոլին: Թող հեռանա, թող երկիրը չպղծի էլ»,-ասել է նա։

Երբ լրագրողները հիշեցրել են վարչապետի հայտարարությունը, թե եթե ժողովուրդը պահանջի, ինքն կհեռանա, բնակիչը արձագանքել է. «Թե՞ կձերբակալվի այդ ժողովուրդը կամ կջարդվի: Պոստ պահողին կոպեկներ է տալիս, բերետներին միլիոններ: Դա է նրա ճիշտը: Ասում էր ժողովուրդը տուգանքի մատերիալ չի՝ սաղիս տուգանում է: Իրենց թիմը թիմ չի, որ ղեկավարի այս երկիրը: Սա մեզ թուրքացման է տանում»,-խոսքն ավարտել է մերձավանցին։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր էր։